211652_close_icon
views-count2372 դիտում article-date 10:44 24-11-2021

Դպրոցը քաղաքական քարոզի տեղ չի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս շատ է քննարկվում մի միջադեպ, որը տեղի է ունեցել դպրոցներից մեկում: Ըստ լրատվամիջոցների` ուսուցիչներից մեկը զբաղվել է քաղաքական քարոզչությամբ եւ, ի թիվս այլ բաների, ասել է, որ Հայաստանի ներկայիս վարչապետին պետք է վառել: Եթե այդ տեղեկությունը ճիշտ է, ապա ուսուցչի վարքն ինձ համար կտրականապես անընդունելի է: «Վառելու» մասին ամեն ինչ պարզ է. ո՛չ դպրոցում, ո՛չ փողոցում, ո՛չ տանը, ո՛չ էլ որեւէ ամբիոնից չի կարելի կոչ անել որեւէ մեկին վառելու: Ինչպես եւ՝ մուրճով գլխին խփելու: Դա միայն առաջին հայացքից է փոխաբերություն թվում, բայց իրականում թունավորում է մարդկանց ուղեղը, հոգու մի անկյունում միտք է սերմանում, որ դա ինչ-որ տեղ, ինչ-որ հանգամանքներում հնարավոր է:

Ինչ մնում է ուսումնական հաստատություններում քաղաքական քարոզչությանը, ապա Հայաստանի եւ բազմաթիվ այլ երկրների օրենսդրությամբ այն արգելված է: Եվ դա ճիշտ է: 20-րդ դարի սկզբում գերմանացի փիլիսոփա Հենրիխ Ռիկերտը տվել է դրա շատ գեղեցիկ բացատրությունը: Գոյություն ունի արժեքների աշխարհ՝ գեղեցկություն, արդարություն եւ այլն: Դրանք գոյություն ունեն մեզնից անկախ՝ աստվածներ են, որոնք այնտեղ՝ «վերեւներում» իրար հետ վիճում են կամ համաձայնվում: Այդ արժեքներն իմաստավորվում են պատմության եւ մշակույթի մեջ, իսկ դա արդեն հնարավոր չէ առանց մեզ, առանց մարդկանց: Գիտնականն իր ուսումնասիրություններում, ուսուցիչն ու դասախոսը՝ ուսումնական հաստատություններում, զբաղված են այդ իմաստների փոխանցմամբ, բայց ոչ՝ դրանց սուբյեկտիվ մեկնաբանություններով ու կարծիքներ արտահայտելով: Հենց որ ուսուցիչներն իջնում են այդ դաշտ, նրանց տեղը ոչ թե լսարանի ամբիոնի մոտ է, այլ՝ լսարանի նստարանին, որովհետեւ այդ դեպքում նրանց կարծիքը հավասարազոր է աշակերտների եւ ուսանողների կարծիքին, որոնց արտահայտումն, իհարկե, պետք է խրախուսել:

Այնպես որ՝ դասավանդողները պետք է ձեռնպահ մնան դասարանում եւ լսարանում, ինչպես նաեւ, կարծում եմ, գիտական ուսումնասիրություններում իրենց քաղաքական տեսակետներն արտահայտելուց: Քաղաքական քարոզչության շարքին պետք է դասվի բուհերի եւ դպրոցների պատերին երկրի ղեկավարի դիմանկարը փակցնելը (հիմա, որքան գիտեմ, նման բան չկա): Հենց որ դասախոսը մտնում է ռեկտորի աշխատասենյակ եւ տեսնում է առաջին դեմքի նկարը, դա վերջն է ակադեմիական ազատության: Նույն կարգի երեւույթ է, երբ իշխող կուսակցության ղեկավարը դառնում է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ այդ պրակտիկան, ցավոք, շարունակվում է: Շարունակվում է նաեւ դպրոցականներին քաղաքական հանրահավաքների քարշ տալու տգեղ եւ մերժելի գործելակերպը:

․․․Ամերիկյան մի շարք դպրոցներում դասերից առաջ հնչում է պետական օրհներգը եւ բարձրացվում է երկրի դրոշը: Որովհետեւ պետությունն արժեք է, որի իմաստը պետք է փոխանցվի աշակերտներին: ԱՄՆ-ի դեպքում կարող եմ ասել նաեւ՝ հավերժական արժեք: Հայաստանի դեպքում՝ կասկածում եմ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր