211652_close_icon
views-count3564 դիտում article-date 10:33 22-11-2021

Ավստրիայում ուժի մեջ է մտել նոր լոքդաունը, եվրոպական երկրներում զանգվածային ցույցեր են անցկացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավստրիայում այսօրվանից համազգային լոքդաուն է հայտարարվել։ Երեք շաբաթով փակվել են գրեթե բոլոր խանութները, բացի մթերայիններից, հաղորդում է BBC-ն։ Ավստրիացիներն աշխատելու են տնից։ Առանց հարգելի պատճառի տնից դուրս գալն արգելվում է, իսկ ծնողներին խորհուրդ են տվել երեխաներին տանը պահել՝ չնայած մանկապարտեզներն աշխատում են, գրում է shantnews.am-ը։

Այս սահմանափակումները կշարունակվեն մինչև դեկտեմբերի կեսը։ Դրանից հետո իշխանությունները կարող են պահպանել սահմանափակումները միայն նրանց համար, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Ընդհանուր առմամբ, Եվրոպայում կորոնավիրուսի տարածման տեմպերը կտրուկ աճել է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն հայտնել է, որ եթե ամբողջ Եվրոպայում չխստացվեն սահմանափակումները, ինչպիսին են օրինակ՝ պատվաստումները, դիմակ կրելը և քովիդային անցագրերի կիրառումը, ապա մինչև հաջորդ գարուն ևս կես միլիոն մարդ կարող է մահանալ կորոնավիրուսից։

Անցյալ շաբաթ Ավստրիան դարձավ եվրոպական առաջին երկիրը, որը կորոնավիրուսի դեմ պատվաստումը դարձրեց պարտադիր։ Օրենքը ուժի մեջ կմտնի փետրվարին։ Հարևան Գերմանիայում քաղաքական գործիչները քննարկում են նմանատիպ միջոցառումներ ձեռնարկելու հնարավորությունը, քանի որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում արդեն տեղ չկա, իսկ վիրուսի նոր դեպքերն օրեցօր թարմացնում են հակառեկորդը։

Եվրոպական տարբեր երկրներ խստացրել են սահմանափակումները։ Սա բողոքի մեծ ալիք է բարձրացրել ամբողջ Եվրոպայում։ Բրյուսելում ցույցի է դուրս եկել շուրջ 35 հազար մարդ։ Ցուցարարները ոստիկանների վրա հրավառ նյութեր են նետել, վերջիններս էլ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել։

Նիդերլանդներում ևս զանգվածային ցույցեր են անցկացվել, որոնք ուղեկցվել են բախումներով։ Հաագայում արտակարգ դրություն է հայտարարվել։

Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Խորվաթիայում, Ավստրիայում, Իտալիայում, Հյուսիային Մակեդոնիայում, Գուադելուպե կղզում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր