211652_close_icon
views-count1215 դիտում article-date 15:50 20-11-2021

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Երևանում ԱՄՆ դեսպանատան հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենի, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի և Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության գործառնությունների համակարգող Սերգո Կավտարաձեի հետ: Հանդիպման նպատակը Միացյալ Նահանգների կողմից Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման, մասնավորապես` տեխնիկական աջակցության ցուցաբերման, վերապատրաստումների և փորձագետների ներգրավման նպատակով նախատեսվող ծրագրերի քննարկումն էր:


Կողմերը, մասնավորապես, դիտարկել են կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով միջազգային փորձագետների ներգրավմամբ քննիչներին մասնագիտական աջակցության, այդ թվում` քննության ժամանակակից մեթոդների մշակման հնարավորությունները: Բացի այդ, անդրադարձ է կատարվել քննության իրականացման ընթացքում քննչական, օպերատիվ և փորձագիտական աշխատանքների մեկտեղման, ինչպես նաև դրանց արդյունավետության ապահովման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությանը: Քննիչների մասնագիտական հմտությունների կատարելագործման և փորձի փոխանակման նպատակով կարևորվել է նաև անհրաժեշտ վերապատրաստման ծրագրերի իրականացումը հատկապես ֆինանսական հանցագործությունների և պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման հանցատեսակների քննության թեմաներով:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ համագործակցությունը շարունակական կլինի, և դրա շրջանակներում առաջիկայում նախանշվող նոր ծրագրերը կիրագործվեն մեծ արդյունավետությամբ:

Նմանատիպ նյութեր