211652_close_icon
views-count914 դիտում article-date 20:44 18-11-2021

Հայաստանը մասնակցել է Հունաստանի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին

«Ֆիլոքսենիա» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարն ընդունել է հարյուրավոր այցելուների, ովքեր հնարավորություն են ունեցել ծանոթանալ հայկական մշակույթին։ Ինչպես հաղորդում է Asbarez-ը,  ցուցահանդեսը տեղի է ունեցել Սալոնիկում նոյեմբերի 12-ից 14-ը։

Այցելուները տեղեկություններ են ստացել երկրի հյուրանոցների, կրոնական տեսարժան վայրերի, գաստրոնոմիայի, ինչպես նաև հայկական գինիների, ոգելից խմիչքների մասին: Ճամփորդական գործակալների և տուրօպերատորների լայն շրջանակ մի շարք երկրներից, այդ թվում՝ Հունաստանից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Բրազիլիայից, Պորտուգալիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Լատվիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ալբանիայից և նույնիսկ Թուրքիայից, արդեն իսկ կազմակերպել էին տասնյակ հանդիպումներ Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի հետ Philoxenia Hosted Buyers ծրագրի շրջանակներում:

Տեղական մի շարք պաշտոնյաներ, որոնց թվում՝ խորհրդարանի անդամներ, տեղական նահանգապետեր և քաղաքապետեր, ինչպես նաև մի շարք երկրների գլխավոր և պատվավոր հյուպատոսներ, այցելել են Հունաստանում անցկացված տոնավաճառում Հայաստանի երբևէ ունեցած ամենամեծ տաղավարը։ 

Հայաստանի ցուցահանդեսային տաղավարում ցուցադրվել են երկրի զբոսաշրջային տեսարժան վայրերի մասին տեսանյութեր: 

Հայաստանի մասնակցությունը կազմակերպվել է Հունաստանի Հունա-հայկական Առևտրաարդյունաբերական պալատի կողմից, որը հետևողականորեն նպաստում է Հայաստանի զբոսաշրջային ուղղությունների առաջխաղացմանը։

Միջոցառումն անցկացվել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո։

Նմանատիպ նյութեր