211652_close_icon
views-count927 դիտում article-date 16:30 17-11-2021

Գեղանկարներ, գրքերի նկարազարդումներ. Վլադիմիր Աբրահամյանի 80-ամյակին նկարչին նվիրված ցուցահանդես բացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի 80-ամյա հոբելյանի առթիվ նոյեմբերի 16-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց հեղինակի ցուցահանդեսը, որում ներկայացված են նկարչի բոլոր ժամանակների ստեղծագործությունները՝ ժանրային բազմազանությամբ ու հարուստ ներկապնակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ցավով նշեց, որ Աբրահամյանը ֆիզիկապես ներկա չէ, սակայն ներկա է իր ջերմ, գունեղ  ստեղծագործություններով: «Նա գեղանկարիչ էր, որն ամբողջ կյանքում հավատարիմ մնաց իր կոչմանն ու արվեստին, եղավ արդար»,-շեշտեց Սաֆարյանը:

Բանաստեղծ, գեղանկարիչ Արևշատ Ավագյանն էլ ընդգծեց, որ Աբրահամյանն իր լավագույն ընկերներից ու բարեկամներից է եղել, որի հետ անցել է երկար ստեղծագործական ճանապարհ: Միասին աշխատել են ազգային հեռուստատեսությունում: «Աբրահամյանը մշակույթի հայկական ֆոնդի ակտիվ անդամներից էր, մասնակցել է մեր ստեղծագործական հավաքներին, միասին եղել ենք նրա գյուղում՝ Բջնիում, որը Աբրահամյանը շատ էր սիրում, սիրում էր մեր հայրենիքնը»,-ասաց Ավագյանն ու հավելեց՝ Աբրահամյանի գեղանկարչությունն ինքնատիպ է. մի քիչ քնարական, խոհական, փիլիսոփայական:

Ըստ Ավագյանի՝ Աբրահամյանը շատ մարդասեր, ընկերասեր էր, մարդկային բարձր հատկանիշներով էր օժտված, և այդ ամենը կարելի է տեսնել նրա գեղանկարչության մեջ, որում կյանքի գեղեցկությունն ու նրբությունը հարաբերվում են փիլիսոփայական իմաստության հետ: «Նա շատ հեռատես, գործնական մարդ էր և կարողանում էր համամարդկային մշակույթի ձեռքբերումները համադրել ազգայինի հետ»,-եզրափակեց Ավագյանը:

Ցուցահանդեսին ներկա էին Վլադիմիր Աբրահամյանի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերներն ու գործընկերները, արվեստասերներն ու ուսանողները:

Հեղինակի ընտանիքի անդամներից Նարա Եփրեմյանը, որը նաև ցուցահանդեսի համադրողն է, խոստովանեց, որ իրենց համար շատ հուզիչ օր է, քանի որ առաջին անգամ են ներկայանում առանց նկարչի:  Նա տեղեկացրեց, որ հոբելյանական ցուցահանդեսին առաջին անգամ ընդգրկված են Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդած  գրքերը: Նկարիչը 250-ից ավելի գրքի ձևավորման հեղինակ է և իր ուրույն տեղն ունի հայ և արտասահմանյան գրականության (թարգմանություններ) գրքի ձևավորման գործում:

Եփրեմյանն ասաց, որ բերել են Աբրահամյանի մոլբերտն ու վրձինները, որոնցով ուսանողները կարող են աշխատել նոյեմբերի 18-ին և 20-ին:

Հոբելյանական ցուցադրությունը նախաձեռնել է Աբրահամյանի ընտանիքը: Ցուցահանդեսին մասնակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունը մշտապես հիացրել է արվեստասերներին և արժանացել պրոֆեսիոնալների բարձր գնահատականին: Նկարչի յուրօրինակ կտավներն իրենց հաստատուն տեղն ունեն  ժամանակակից կերպարվեստի պատմության  մեջ:  Նրա ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան):

Նա մեծ վաստակ ունի նաև որպես մանկավարժ. երկար տարիներ դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, Աբովյանի պետական քոլեջում: Նրա ուսանողներից շատերն այսօր համարձակ քայլեր են կատարում կերպարվեստի ոլորտում, ներկայանում անհատական ցուցահանդեսներով, կրթում մատաղ սերնդին:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր