211652_close_icon
views-count5970 դիտում article-date 10:58 17-11-2021

21-րդ դարում մենք նույնքան անպաշտպան ենք, որքան 19-րդում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընդամենը երեք տարի, եւ այսքան ավերածություն: Հարյուրհազարավոր բացատրություններ կարելի է գտնել, թե ինչու այսպես եղավ, ինչպես հասանք այս վիճակին, ինչ կարելի էր անել, որ կանխեինք դեպքերի նման զարգացումները: Ոմանք այսօրվա վիճակի պատճառները փնտրելու են հեռավոր 90-ականներում, մյուսները՝ 2000-ականներում, մի մասը նույնիսկ հասնելու է մինչեւ 1988 թիվ ու մեղադրելու է ղարաբաղյան շարժումը: Սակայն մի մեծ զանգված արձանագրելու է, որ 1988-ի ռոմանտիկ ու հույսերով լի շարժումը, որը ոգեղենություն էր բերել մեր ազգին, 1992-94 թվականների դաժան տարիները, երբ հազարավոր զոհեր տվեցինք, հետագա բոլոր զրկանքներն ու դժվարությունները, արդարացված էին` մենք հաղթել էինք, մենք կորուստների հարյուրամյակներից հետո հետ էինք բերել, վերագտել էինք մեր արժանապատվությունը եւ թշնամուն ցույց էինք տվել իր տեղը: Զոհերի համար սգում էինք, դժվարություններից` դժգոհում, ափսոսում, որ մեր կյանքն անցնում է թոհուբոհի մեջ, բայց նաեւ հպարտ էինք ու հաղթական:

2018-ին մեզ թվում էր, թե գլխավոր խնդիրը հաբրգած իշխանություններին պատժելն է, օրինական ընտրություններ անելը, եւ ամբողջ հոգով դեմ էինք, որ պետության ղեկավարը 10 տարի պաշտոնավարելուց հետո մնա իշխանության գլխին: Մեզ թվում էր` դա է ամենակարեւորը:

Մեր մտքով անգամ չէր անցնում, որ կարող է գալ մի օր, որ պաշտոնյաների կոռուպցիան ու լկտիությունը, մենաշնորհներն ու անարդարությունները մղվեն հետին պլան: Եվ կարող է պարզվել, որ այլ` ավելի կարեւոր բաներ կան: Որ 21-րդ դարում մենք նույնքան անպաշտպան ենք, որքան 19-րդում, եւ ոսոխը կարող է ներխուժել ՄԱԿ-ի կողմից ճանաչված երկիր, որը նաեւ Եվրախորհրդի ու ՀԱՊԿ-ի անդամ է, մորթել ու գերի տանել, իսկ քո պետությունն անզոր կլինի քեզ պաշտպանել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր