211652_close_icon
views-count1106 դիտում article-date 10:01 17-11-2021

Սուրբ պատարագ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Անցած տարվա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքի Սուրբ Համբարձման եկեղեցում նոյեմբերի 15-ին երկրորդ անգամ մատուցվեց սուրբ պատարագ՝ արժանապատիվ տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ։ Տեր Բենիամինը մինչ պատերազմը Քաշաթաղի շրջանի հոգեւոր հովիվն էր եւ մշտապես այցելում էր գյուղեր, կատարում օրհնման ու ոգեկոչման կարգեր։ Սուրբ Համբարձման եկեղեցում մշտապես հոգեւոր արարողություններ էին կատարվում։

Պատերազմից հետո տեր Բենիամինը մնաց Արցախում եւ այժմ ծառայում է Ասկերանի շրջանում։ Այս տարվա մայիսին՝ Սուրբ Համբարձման տոնի առթիվ, առաջին անգամ Բերձորի եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագը, դարձյալ արժանապատիվ տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ՝ հանդիսապետությամբ ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ, հոգեշնորհ տեր Սահակ վարդապետ Շաքարյանի, մասնակցությամբ այլ քահանաների, սարկավագների։ Այդ ժամանակ հոգեւոր հայրերի հետ Սուրբ պատարագին մասնակից եղավ նաեւ սուրբ Համբարձման եկեղեցու երգչախումբը՝ Հասմիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Երգչախմբի անդամները եւ ղեկավարը պատերազմից հետո տեղափոխվել են ՀՀ տարբեր մարզեր, Երեւան։ Բայց առիթը բաց չթողեցին կրկին հայրենի Բերձոր գնալ եւ մասնակցել սուրբ պատարագին։

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցած երկրորդ հոգեւոր արարողության մասին իր ֆեյսբուքյան էջում տեր Բենիամինը գրում է. «Երկար ընդմիջումից հետո սուրբ եւ անմահ պատարագ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում՝ հանդիսապետությամբ թեմիս բարեխնամ առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի»։ Սուրբ արարողությանը ներկա են եղել այժմ Բերձորում բնակվող մեր հայրենակիցները՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը, Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։ Այժմ էլ Բերձորով է անցնում Արցախը Մայր հայրենիքին կապող ճանապարհը, որը միջազգային կառույցների կողմից կոչվում է «Լաչինի միջանցք», իսկ մեզ համար այն 1992 թվականից մինչ օրս «Կյանքի ճանապարհ» է։ Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի (այժմ Ադրբեջանի ենթակայությամբ է) նախկին բնակիչ, նվիրյալ Գարիկ Ալոյանը, ով նույնպես մասնակից է եղել սուրբ պատարագին, տեղեկացրեց՝ հոգեւոր արարողությունն անցավ հանդիսավորությամբ, կար կարոտ ու հավատ, որ հայոց եկեղեցին մշտապես է ընդունելու հայ հոգեւորականներին ու հավատացյալ ժողովրդին։

Պատարագին մասնակցել են նաեւ Դադիվանքի հոգեւոր սպասավորներ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր