211652_close_icon
views-count882 դիտում article-date 11:17 16-11-2021

Սա նախարարների խնդիրը չէ․ Փաշինյանը պատկերացում չունի, թե ինչ է նշանակում պետություն ղեկավարել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ պատերազմում պարտությունից հետո Հայաստանում պաշտպանության չորս նախարար է փոխվել: Պատերազմի նման ելքից հետո Դավիթ Տոնոյանի պաշտոնանկությունը օրինաչափ էր: Տրամաբանական չէր նրան մեկ տարի անց կալանավորելը. եթե նա հանցագործություն էր կատարել պատերազմի ժամանակ կամ դրանից առաջ, ապա դժվար թե պահանջվեր մի ամբողջ տարի՝ այդ գործը բացահայտելու համար: Ամենայն հավանականությամբ՝ ոչ մի գործ էլ չկա: Պարզապես նոյեմբերի 9-ից հետո մենք ունեցել ենք եռակողմ հայտարարությամբ չնախատեսված բազմաթիվ տարածքային կորուստներ, եւ դրանք «արդարացնելու» կամ ուշադրությունը շեղելու համար անհրաժեշտ են ինչ-որ «ծիսական զոհաբերություններ» զինվորական շրջանակներում, եւ դրանցից մեկը Տոնոյանն էր:

Տոնոյանին հետեւեց Վաղարշակ Հարությունյանը, որը պատերազմի ժամանակ որպես վարչապետի խորհրդական (ենթադրում եմ, ռազմական գծով), հավանաբար, արժեքավոր խորհուրդներ էր տալիս ԶՈՒ գլխավոր հրամանատարին, որոնք նպաստել են մեր «հաջողություններին»: Հարությունյանի նախարարության օրոք նույնպես Հայաստանի ինքնիշխան եւ ամենեւին ոչ վիճելի տարածքներում մի քանի դիրք հանձնեցինք, ինչի համար էլ նա, հավանաբար, «պատժվեց»:

Եկավ Արշակ Կարապետյանը, որը հայտնի է որպես հետախուզության «շատ հմուտ» ղեկավար եւ Քոչարյանի վրա ցուցմունք տվող: Դիրքերի հանձնումը շարունակվեց. ադրբեջանցիները հանգիստ, առանց որեւէ դիմադրության գալիս են մեր դիրքերը եւ այնտեղից հեռացնում են մեր զինծառայողներին:

Եվ ահա «ծավալվող իրադարձությունների արդյունքում» Կարապետյանին փոխարինեց հեղափոխական-կուսակցական գործիչ Սուրեն Պապիկյանը: (Ի դեպ, այդքան էլ պարզ չէ, թե ինչու այդ խայտառակության համար պատասխան չի տալիս Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, բայց նրա վրա, կարծես թե, այլ «կոմպրոմատներ» կան):

Նախորդ երեք նախարարներն, իհարկե, մեղքի իրենց բաժինն ունեն, բայց տարածքների հանձնումն, իմ կարծիքով, ունի խորը պատճառներ, որոնք չեն վերանում նախարարների փոփոխությամբ: Դուք երբեւէ լսե՞լ եք, որ վերջին 20 տարվա ընթացքում Իլհամ Ալիեւը հայերի որեւէ գործողության վերաբերյալ ասեր՝ «դե, ճիշտ են արել՝ դա իրենց իրավունքն է»: Անկախ բոլոր իրավական նրբություններից, դա բացառված է, որովհետեւ սխալ ուղերձ է պարունակում թե՛ միջազգային հանրությանը, եւ թե՛ սեփական հասարակությանը, այդ թվում՝ դիրքերում կանգնած զինվորներին: Մինչդեռ Հայաստանի վարչապետը նման բան կրկնում է գրեթե ամեն օր եւ երբեմն էլ ավելացնում է՝ հո այդ պատճառով պատերազմ չե՞մ սկսի: Ուզում եմ հավատալ, որ դա արվում է այն պատճառով, որ Փաշինյանը պատկերացում չունի, թե ինչ է նշանակում պետություն ղեկավարել, այն էլ՝ պատերազմող պետություն: Բայց նման մոտեցումը դիրքեր կամ մայրուղու հատվածները հանձնելու ուղիղ ճանապարհ է:

Իրավիճակի վատթարացման համար կա եւս մի պատճառ, որի մասին այստեղ կնշեմ թռուցիկ՝ դա Ռուսաստանի հետ սխալ աշխատաոճն է: Մնացածի մասին՝ մեկ ուրիշ անգամ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր