211652_close_icon
views-count2415 դիտում article-date 09:58 16-11-2021

ԱՄՆ-ից հետո Եվրոպան էլ մտահոգվեց Բաքվի սադրանքներով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախ-Ադրբեջան եւ Հայաստան-Ադրբեջան շփման գծերում վերջին շրջանում ադրբեջանական ԶՈՒ-երի սադրած միջադեպերը եւ հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր սկսել են մտահոգել միջազգային կառույցներին: Օրերս Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն էր հայտնել անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գրանցված լարվածության աճով:

«Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության աճով: Կարեւոր է չեզոքացնել, վերացնել պատճառները եւ ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում»,- իր թվիթերյան էջում գրել էր եվրոպացի պաշտոնյան:

Նկատենք, որ եվրոպական կառույցների ներկայացուցիչներն սկսեցին արձագանքել միջադեպերին այն բանից հետո, երբ դա առաջին անգամ արեց ԱՄՆ պետքարտուղարությունը: Վերջինիս Եվրոպայի եւ Ասիայի հարցերով բյուրոն թվիթերում անդրադարձել էր նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական անձի սպանության դեպքին։

«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,- ասվում էր հաղորդագրությունում։

Դժվար չէ տեսնելը, որ երկու հաղորդագրությունն էլ ունեն նույն կառուցվածքը՝ դատապարտվում են ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպերը, եւ որպես դրանց բացառման միջոց առաջարկվում է հիմնարար կարգավորումների հասնելը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր