211652_close_icon
views-count1747 դիտում article-date 20:39 15-11-2021

Հայերեն լեզվով լույս է տեսել Թեհրանի համալսարանի նշանավոր պրոֆեսոր և իրանցի հայտնի գրող, թարգմանիչ, դոկտոր Շաֆիի Քադքանիի «Պարսից պոեզիայի զարգացման փուլերը (Սահմանադրական շարժումից մինչև միապետության անկումը)» գիրքը

Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդների միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։

Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում: Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր: Այս կապերը սերտանում են տարեցտարի մշակույթի,գիտության կրթության,արդյունաբերության և այլ ոլորտներում: Եվ ահա հաշվի առնելով այս ամենը խոսենք մի շատ հետաքրքիր  գրքի հրատարակության,թարգմանության ու շնորհանդեսի մասին:

Այսպիսով՝Երևանի Պետական Համալսարանի իրանագիտության ամբիոնի և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի սերտ համագործակցության արդյունքում հայ ընթերցողի դատին է հանձվել իրանական արդի գրականագիտության անվանի ներկայացուցիչ Շաֆիի Քադքանիի «Պարսից պոեզիայի զարգացման փուլերը (Սահմանադրական շարժումից մինչև միապետության անկումը)» գիրքը: Գրքի թարգմանիչն է Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի  դասախոս բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Գևորգյանը:Նշենք,որ գիրքը Գառնիկ Գևորգյանի առաջին թարգմանված աշխատությունն է,նրա «Պարսից պատմավեպի զարգացման միտումները հետհեղափոխական Իրանում (1980-2010թթ.)» մենագրությունից հետո:Գիրքը թարգմանվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի նախաձեռնությամբ ու Երևանի Պետական Համալսարանի իրանագիտության ամբիոնի և արևելագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի գրքի հրատարակությունը երաշխավորելու համար:

Խոսելով գրքի բովանդակության ու կառուցվածքի մասին կարող ենք,նշել,որ հեղինակն իր ուսումնասիրության մեջ պարսկական պոեզիան դասակարգել է ըստ վերոհիշյալ ժամանակաշրջանների՝ նախասահմանադրական ժամանակաշրջան,Ռեզա շահի դարաշրջան (1920-1941),1941 թվականի սեպտեմբերից մինչև 1953 թվականի օգոստոսի 19-ի հեղաշրջումը,այս հեղաշրջումից մինչև 1961 թվականը,1961-ից մինչև 1970,թվականը, 1970-ից (զինված պայքարի գագաթնակետը),մինչև 1978-ը (իշխանության անկումը), և իր արժեքավոր աշխատանքում ուսումնասիրել ու քննարկել է պարսից հայտնիներին,պոեզիայում գերիշխող հիմնական հարցերի տեսանկյունից, ինչպիսիք են՝մտածողությունը,կառուցվածքը,ճանաչողությունը,ինչպես նաև պոեզիայի տեխնիկան,փոփոխման,զարգացման գործոնները,դրա սոցիալական, մշակութային քաղաքական և պատմական հարթությունները:Այսպիսով՝սույն թվականի նոյեմբերի 15-ին Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանում  տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Սա տեղի ունեցավ «Իրանական ժամանակակից գրականության օրեր» ծրագրի շրջանակներում:

Շնորհանդեսին մասնակցում էին գրականագետներ, թարգմանիչներ, իրանագետներ ուսանողներ: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ,ինչպես նաև շնորհանդեսը վարում էր Երևանի Քաղաքապետարանի «Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական Գրադարանի» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Բացելով միջոցառումը նա մի քանի խոսքով ներկայացրեց միջոցառումն ու նպատակներն, ինչպես նաև նշեց,որ մեր երկրում հայտարարված է իրանական գրականության շաբաթ,որի շրջանակում կազմակերպվելու են տարաբնույթ միջոցառումներ,մասնավորապես՝գրքերի ցուցադրություններ,տեղի են ունենալու շնորհանդեսներ և այլն:

Այս միջոցառումները տեղի են ունենալու Հայաստանի Գրողների միության հետ համատեղ համագործակցության շրջանակներում:Իսկ խոսելով գրքի թարգմանության ու հրատարակության նպատակի մասին,նա նշեց,որ սա կատարվել է հայ ընթերցողներին ու ուսանողներին իրանական ժամանակակից պոեզիայի ու գրականության հետ ծանոթացնելու նպատակով:Իր խոսքի վերջում նա շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներից ու ներկաներից այս գեղեցիկ ծրագրին մասնակցելու համար,իսկ ուսանողներին հրավիրեց գրադարան մասնագիտական գիտելիքները կատարելագործելու և արևելագիտության, մասնավորապես՝ պարսկագիտության չուսումնասիրված հարցերը հետազոտելու նպատակով:

Գրքի մասին, ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային,ով իր խոսքում նշեց,գրքի կարևորությունն ու դրա նպատակներն,իսկ վերջում շնորհակալություն հայտնեց թարգմանիչին անձնվեր ու ջանասեր աշխատանքի համար՝հույս հայտնելով,որ մոտ ապագայում Մշակույթի կենտրոնը հանդես կգա իր նորանոր նախաձեռնություններով ու ծրագրերով,որոնք կնպաստեն հայ-իրանական դարավոր,մասնավորապես՝մշակութային հարաբերությունների ամրապնդմանը:Իր ելույթի ընթացքում Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանը,  շնորհակալություն հայտնեց ներկաներին ու հյուրերին մասնակցության համար և նշեց, որ այսօրվա միջոցառումը նվիրված է հայ-իրանական մշակութային սերտ կապերին,մասնավորապես՝գրականությանն ու դրան վերաբերվող հարցերին:Նա հույս հայտնեց,որ իր պատրաստակամությամբ մշտապես աջակցելու այս հետաքրքիր ու կարևոր գործընթացին: Շնորհանդեսի վերջում աշխատության թարգմանության ու կառուցվածքի մասին հակիրճ ներկայացրեց գրքի թարգմանիչը՝ Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի  դասախոս բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Գևորգյանը:Իր ելույթը նա ավարտեց շնորհանդեսի կազմակերպիչներից ու գրքի թարգմանության համար աջակիցներից՝նշելով,որ մոտ ապագայում հանդես կգա նորանոր թարգմանություններով ու ծրագրերով:Այսպիսով՝ հուսանք,որ «Գիտություն» հրատարակչությունում կյանքի կոչված այս գիրքն օգտակար կլինի պարսից 20-րդ դարի «նոր պոեզիայի» գաղտնիքներին ծանոթանալու և, առհասարակ, բարեկամ Իրանի հոգեկերտվածքին հաղորդակից լինելու առումով... Շնորհանդեսից հետո զրուցեցինք Գառնիկ Գևորգյանի հետ:

-Նախ թույլ տվեք շնորհավորել այս հրաշալի առիթով:

-Շատ շնորհակալություն:

՞նչ կպատմեք գրքի թարգմանության ու ներկայացման նախաձեռնության մասին:

-Իրանցի մերօրյա անվանի գրականագետ, պոետ, թարգմանիչ Շաֆիի Քադքանիի «Պարսից պոեզիայի զարգացման փուլերը (Սահմանադրական շարժումից մինչև միապետության անկումը)» գրքի թարգմանության առաջարկն ստացել եմ  ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիից, ինչ համար հայտնում եմ երախտագիտությունս: Գրքում քննվում են 1870-ականներից մինչև 1970-ականների՝ պարսից  բանաստեղծության զարգացման յուրահարկությունները: 

-Ինչի՞ մասին է գիրքը,  արդյո՞ք ընթերցողը կստանա հուզող հարցերի պատասխանները։ 

-Գիրքը վերաբերում է պարսից պոեզիայի նոր և նորագույն շրջանների զարգացման առանձնահատկություններին: Ինչպես գիտենք, 20-րդ դարի առաջին տասնամյակներից սկսած՝ պարսից գրականությունը մտնում է նորացման փուլ՝ փորձելով թոթափել միջնադարյան ծաղկուն շրջանից ժառանգված քարացած մի շարք ավանդույթներ, որոնք այլևս չէին համապատասխանում ժամանակակից մարդու գեղարվեստական պահանջներին: Հայ հասարակայնությունն իրանական բանաստեղծությանն առավելապես ծանոթ է միջնադարի խոշորագույն հեղինակների՝ Ռուդաքիի, Ֆիրդուսիի, Օմար Խայյամի, Նիզամի Գանջավիի, Խաղանի Շիրվանիի, Սաադիի, Հաֆեզի և այլոց ստեղծագործությունների միջոցով, մինչդեռ 20-րդ դարում ասպարեզ էին իջել նոր հեղինակներ, ովքեր հիմնովին փոխել էին իրանական պոեզիայի դեմքը՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից աշխարհի գրական տրամադրություններին: Հեղինակը տալիս է քննվող խնդիրների լիարժեք ու սպարիչ պատասխանը:     

-Արդյոք ժամանակակից իրանագիտություն ուսումնասիրողները ծանո՞թ են իրանական ժամանակակից պոեզիայի ներկայացուցիչներին:

-Իհարկե, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ուսումնական դասընթացում պարսից գրականության պատմությունը համարվում է մասնագիտական հիմնական առարկաներից՝ ուսումնասիրելով հնագույն ժամանակներից մինչև մեր օրերի գրական ստեղծագործություններ: Ուսումնական ցանկում ընդգրկված են դասական և ժամանակակից թե՛ պոետների, թե՛ արձակագիրների գործեր: Նրանցից կարող ենք թվարկել Նիմա Յուշիջին, Ֆորուղ Ֆարրոխզադին, Սոհրաբ Սեփեհրիին, Սիավուշ Քասրայիին, Ահմադ Շամլուին, Նադեր Նադերփուրին,Ղեյսար Ամինփուրին և այլոց: 

-Ինչպե՞ս եք ծանոթացել գրքի հեղինակի հետ:

-Գրքի հեղինակին անձամբ ծանոթ չեմ: Ծանոթ եմ նրա ուսումնասիրություններին և գրականագիտական հարուստ ժառանգությանը:

Իսկ ի՞նչ ուղերձ ունի գիրքը:

- Գիրքը հայ ընթերցողին ոչ միայն ներկայացնում է 20-րդ դարի պարսից պոեզիայի զարգացման առանձնահատկությունները, այլ նաև առաջարկում է գրական ստեղծագործությունների ուսումնասիրության ու համալսարանում դասավանդման հետաքրքիր մեթոդ: Շաֆիի Քադքանին համաշխարհային գրականագիտական նորագույն մեթոդների կիրառմամբ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններն ու գրական գործընթացները գնահատում է յուրօրինակ գծապատկերների օգնությամբ: Ըստ այս մեթոդի՝ նա կատարյալ է համարում այն բանաստեղծությունը, որում հեղինակը պահպանել է բանաստեղծությունը կազմող հինգ կարևոր բաղադրիչների՝ լեզվի, երևակայության, երաժշտականության, զգացմունքայնության և ժանրաձևի համաչափությունն ու ներդաշնակությունը: Նա բարձր է գնահատում այն հեղինակներին, ովքեր տիրապետում են մշակութային հարուստ հենքի, ում տաղանդը խարսխվում է նախորդների գրական նվաճումների ու լավագույն ավանդույթների վրա:

-Պարսկերենի՞ց եք թարգմանել, թե՞ հակառակը:

-Պարսկերեն բնագրից հայերենի:

Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք գիրքը թարգմանելու ընթացքում:

-Թարգմանությունը, իհարկե, հեշտ գործ չէ, մանավանդ գրականագիտական ուսումնասիրության: Բացի գիտական վերլուծությունից, տեքստում առկա էին մեծաթիվ մեջբերումներ քննվող հեղինակներից, ինչը պահանջում էր յուրաքանչյուրի նկատմամբ դրսևորել անհատական մոտեցում: Ամեն մի հեղինակ ունի իր առանձնահատուկ ոճը, գաղափարական ուղղվածությունը, բառապաշարի անհատական ընդգրկունությունը: Բացի այդ, գրականագետը նախընտրել էր գրքի գլուխները մասամբ կազմել նաև Թեհրանի համալսարանի գրականության ֆակուլտետի ուսանողության համար կարդացած դասախոսություններից՝ նպատակային կերպով պահպանելով դրանցում նկատվող բանավոր խոսքի առանձնահատկությունները:    

Պատրաստվո՞ւմ եք գիրքը թարգմանել նաեւ այլ լեզուներով:

-Ո՛չ:

-Պատրաստվո՞ւմ եք նմանատիպ գիրք թարգմանել հայ արձակի ու արդի գրականության մասին իրանցի ընթերցողներին ներկայացնելու մեր ժողովրդի գրական ժառանգությունը:

-Հայերենից պարսկերեն թարգմանություններ կատարելու հարցում մեծ վաստակ ունեն մեր իրանահայ եղբայրներն ու քույրերը, ուստի ինքս նպատակահարմար եմ համարում պարսկերենից հայերեն թարգմանությունները: 

–Ովքե՞ր աջակցեցին գրքի ստեղծման ու հրատարակության
գործում:


-Գրքի թարգմանության ընթացքում քաջալերման և հրատարակելիս աջակցության գործում առաջին հերթին պիտի երախտագիտությունս հայտնեմ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին:

Ինչպիսի՞ ընդունելության արժանացավ գիրքը:

-Գիրքը դեռ նոր ենք ներկայացնում հասարակությանը, ուստի սպասենք ժամանակի դատին:

-Խոսք ուղղված ձեր ընթերցողներին:

-Բնականաբար, գրքի առաջնային ընթերցողները լինելու են ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ներկա և նախկին ուսանողությունը, նեղ մասնագետները, ինչպես նաև ընթերցասեր հասարակայնությունը: Առանց վարանքի կարող եմ ասել, որ հայ ընթերցողի դատին ենք հանձնում գրականագիտական մեծարժեք և հետաքրքիր աշխատություն, որի հեղինակն այսօրվա իրանական գրականագիտության ռահվիրաներից է:

 Գարիկ Ավետիսյան Լուսանկարները Գառնիկ Գևորգյանի ֆեյսբուքյան էջի ու Սիրարփի Կարապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր