211652_close_icon
views-count1163 դիտում article-date 14:45 13-11-2021

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Փարիզում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեության շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Լավրովը հայտնել է այցի արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ:

Լավրովը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Փարիզում տեղի է ունեցել Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ընդգծելով, որ բոլորն իրենց աջակցությունն են հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև կնքված համաձայնությանը:

Խոսելով Փարիզում ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման մանրամասներից՝ Լավրովը հայտնել է. «Ընդգծվել է ռուս խաղաղապահ ուժերի գործունեության առաջընթացը մի շարք հումանիտար հարցերի կարգավորման գործում: Նշվել են մի շարք ուղղություններ, որտեղ հարկավոր է անել ավելին: Այս առումով համանախագահների գործունեությունն առաջիկայում կենտրոնացած է լինելու հումանիտար հարցերի կարգավորման վրա՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի տարածաշրջանում հայկական ու ադրբեջանական համայքները ստեղծեն վստահության մթնոլորտ, կառուցողական փոխզիջումների ոգով կարգավորեն առօրյա հարցերը»:

Նմանատիպ նյութեր