211652_close_icon
views-count1737 դիտում article-date 16:40 11-11-2021

Հերթական ցուցադրությունը՝ նվիրված սիրված բուհին. Գեղարվեստի ակադեմիայում բացվեց ուսանողական հերթական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:

Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասին:

Սա մի ուսումնական ու կրթական հաստատություն է,որտեղ ուսանել,ուսանում և ուսանելու են բոլոր ժամանակների մեր հայտնի արվեստագետները՝հայկական մշակույթը տարածելով համայն աշխարհում:Մի քանի խոսքով ներկայացնենք բուհի պատմությունը:  Սա 1952-1994 թվականներին գործել է թատերական ինստիտուտի հետ մեկտեղ՝ անվանվելով Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ: 1940-ական թվականների սկզբին հայ արվեստագետների շրջանում սկսել էր քննարկվել Երևանում գեղարվեստի բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծման գաղափարը։ Արա Սարգսյանը և Մարտիրոս Սարյանը նամակներում հաճախ են շոշափում այդ նվիրական հարցը և դրա իրականացման ուղիները։

Ղեկավար մարմինների հետ բանակցություններ վարելու և թույլտվություն ստանալու համար նրանք քանիցս մեկնում են Մոսկվա։ 1945 թվականի հունիսի 29-ին տրվում է հրաման` Գեղարվեստի ինստիտուտ բացելու մասին։ Ինստիտուտի առաջին ռեկտոր (այն տարիներին՝ «դիրեկտոր») է նշանակվում Արա Սարգսյանը, ով պաշտոնավարում է մինչև 1959 թ., իսկ մոտ 25 տարի՝ մինչև կյանքի ավարտը, ղեկավարում է քանդակի ամբիոնը։Պրոռեկտորի («դիրեկտորի տեղակալ») պաշտոնը զբաղեցնում է գեղանկարիչ, Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի սան Բաբկեն Քոլոզյանը, որին մեկ տարի հետո փոխարինում է արվեստաբան Եղիշե Մարտիկյանը, ով նաև Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչն էր մինչև 1953 թվականը։

Բացի անվանի ավագ վարպետներից (Սարյան, Կոջոյան, Սարգսյան, Ստեփանյան, Գյուրջյան), ուսումնական առաջին տարվանից հրավիրվում են դասավանդելու նաև երիտասարդ տաղանդավոր արվեստագետներն ու արվեստաբանները, ինչպես՝ Էդուարդ ԻսաբեկյանըԱրա ԲեքարյանըՄհեր Աբեղյանը, Եղիշե Մարտիկյանը, Վահան Հարությունյանը։ Իսկ հաջորդ տարվանից նրանց են միանում Արփենիկ ՆալբանդյանըՎռամշապուհ Շաքարյանը, 1947 թվականին Բուլղարիայից նոր վերադարձած հայտնի քանդակագործ Գրիգոր Ահարոնյանը, ինչպես նաև Կարապետ Մեծատուրյան և Էդդա Աբրահամյան ամուսինները։Ինստիտուտին հատկացվել էր Աբովյան պուրակում գտնվող երկհարկանի գողտրիկ շենքը, որը ճարտարապետների նախկին ակումբն էր եղել։ Ի սկզբանե ինստիտուտն ուներ երկու ֆակուլտետ՝ յուղանկարչության (գեղանկարչության) և քանդակագործության։ Յուղանկարչության ֆակուլտետում առանձնացված էին գունանկարչության ու կոմպոզիցիայի, թատերական ձևավորման և գրաֆիկայի, իսկ քանդակագործության ֆակուլտետում՝ քանդակի ու կոմպոզիցիայի բաժինները։

Ուսուցումը տևում էր վեց տարի։Գեղանկարչության ամբիոնի առաջին վարիչն է եղել հայ արդյունաբերական պեյզաժի հիմնադիր Գաբրիել Գյուրջյանը։ Քանդակագործության ամբիոնն ստեղծվել է Արա Սարգսյանի և Սուրեն Ստեփանյանի ջանքերով։ 1945 թ. ստեղծվում է գրաֆիկայի բաժինը, որի հիմնադիրն ու տասնամյա վարիչն է եղել գրաֆիկայի մեծագույն վարպետ Հակոբ Կոջոյանը։ 1946-1978 թթ., մի քանի տարվա ընդհատումով, գծանկարի ամբիոնի վարիչն է եղել Մոսկվայի Վխուտեինում կրթություն ստացած և Միության տարբեր քաղաքներում դասավանդած, կոմպոզիցիոն պատկերի և գծանկարի խոշորագույն վարպետ Վռամշապուհ Շաքարյանը։ Գեղարվեստի ակադեմիայի արվեստի պատմության և տեսության ամբիոնի հիմնադրման առաջին տասնամյակում ամբիոնի վարիչն է եղել Եղիշե Մարտիկյանը, ապա` գրականագետ Սուրեն Հարությունյանը, 1972-1977 թվականներին՝ Վահան Հարությունյանը։

2013 թվականին տեսական առարկաների երկու ամբիոնները միավորվել են՝ դառնալով Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոն, որի վարիչ ընտրվել է Վիգեն Ղազարյանը։ 1952 թվականին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի կարգադրությամբ երկու բուհերը միավորվել են մեկ հարկի տակ, և ստեղծվել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտը` տեղակայվելով Իսահակյան փողոցի վրա գտնվող 1930-ականներին կառուցված նախկին դպրոցի շենքում, ուր և գտնվում է այժմ։ Նորաստեղծ բուհի ռեկտոր է նշանակվել ՀԽՍՀ ժողովրդական դերասան, ռեժիսոր ու մանկավարժ Վավիկ Վարդանյանը, ով սակայն մի քանի ամիս անց նշանակվել է Մշակույթի նախարարի տեղակալ, և ռեկտորի պաշտոնը կրկին ստանձնել է Արա Սարգսյանը։ Արա Սարգսյանի հուշատախտակը զարդարում է Գեղարվեստի ակադեմիայի ճակատային հատվածը։ Միավորման արդյունքում Գեղարվեստա-թատերական ինստիտուտը վերակազմավորվել է երկու ֆակուլտետների՝ կերպարվեստի և թատերական, իրենց հիմնական բաժիններով, իսկ Արվեստի պատմության և տեսության ամբիոնում ընդգրկվել են նաև թատերագիտական առարկաները։

1955 թվականին քանդակի և կոմպոզիցիայի ամբիոնում բացվել է խեցեգործության բաժինը, որի հիմնադիր ղեկավարն էր դեկորատիվ-կիրառական արվեստի ճանաչված վարպետ, Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան ավարտած Հռիփսիմե Սիմոնյանը։ 1960-ականների սկիզբն ինստիտուտի կյանքում նշանավորվեց գեղարվեստական մանվածքի, գորգարվեստի, կիրառական զարդարվեստի և ժողովրդական արհեստների բաժինների ստեղծմամբ, որ, միավորվելով խեցեգործության բաժնի հետ՝կազմեցին դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնը։ Հաջորդ նշանակալի իրադարձությունը բոլորովին նոր՝արդյունաբերական էսթետիկայի ամբիոնի բացումն էր, որն ավելի ուշ վերանվանվեց դիզայնի ամբիոն և միավորվեց դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի հետ։ Դիզայնի ամբիոնի առաջին ղեկավարն է եղել Լենինգրադի ակադեմիան ավարտած բեմականկարիչ, Երևանի Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր նկարիչ Աշոտ Միրզոյանը ։

1980-ականների սկզբին գեղանկարչության և քանդակի ամբիոններում ներդրվում է մասնագիտական առարկաների ուսուցման արվեստանոցային համակարգը, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարում է ավագ սերնդի մեկ անվանի արվեստագետ։ 1980-ականներին ինստիտուտի կյանքում տեղի է ունենում ևս մեկ կարևոր ձեռքբերում՝ կերպարվեստի ֆակուլտետում ստեղծվում է արվեստի պատմության և տեսության բաժին։ 1993 թվականին ինստիտուտում ստեղծվել է ուսանողական խորհուրդ։1994 թվականին Գեղարվեստի և Թատերական ինստիտուտներն առանձնացան. Երևանի Կինոյի և թատրոնի ինստիտուտը տեղափոխվեց Ամիրյան փողոցում գտնվող նախկին Քիմիականտեխնիկումի շենքը, իսկ Գեղարվեստինը մնաց նույն տեղում։

Նույն թվականի սեպտեմբերին նոր Գեղարվեստի ինստիտուտի ռեկտոր դարձավ Արամ Իսաբեկյանը, որի ղեկավարությամբ սկսվեց ինստիտուտի վերելքի շրջանը։ 1990-ականների երկրորդ կեսից զգացվեց նոր մասնաշենք ունենալու անհրաժեշտություն։ 1997 թվականին ինստիտուտին տրամադրվում է կենտրոնական մասնաշենքին շատ մոտ գտնվող Ջրաշատի թիվ 1 հասցեով չորս հարկանի շենքը՝ կիսանկուղով։ Այն հատկացվում է դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետին։

1997 թվականին բացվում է Գեղարվեստի ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը, 1999 թվականին` Դիլիջանինը։ Որպես հավելում և խթան բուհի գիտահետազոտական աշխատանքին, նաև` սեփական որակյալ կադրերին պատրաստելու մտահոգությամբ` 1999 թվականին Գեղարվեստի ինստիտուտը ասպիրանտներ ունենալու հնարավորություն է ստանում` արվեստի պատմություն և տեսություն, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ և դիզայն մասնագիտությունների գծով։ 2000 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ Գեղարվեստի ինստիտուտը վերանվանվում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Կրթական համակարգի բարելավման և եվրոպական չափանիշների հետ համապատասխանեցման համար ակադեմիան ընդգրկվում է Բոլոնյան գործընթացի մեջ։ 2001 թվականի մայիսի 1-ին Արամ Իսաբեկյանի ջանքերով բացվեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահը (տնօրեն` Իրինա Իսաբեկյան)։

2004-2005 թթ.ուսումնական տարվանից Ակադեմիան և նրա մասնաճյուղերն անցել են ուսուցման եռաստիճան համակարգի. Պրոֆեսորա-դասախոսականկազմի գիտահետազոտական աշխատանքի ցուցանիշը դարձավ 1971 թվականից որոշ ընդհատումներով լույս տեսնող «Գիտական աշխատությունների ժողովածուն», որը 2004 թվականից հրատարակվում է «Տարեգիրք. գիտական աշխատությունների ժողովածու» վերտառությամբ և ընդգրկված է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գիտական հրատարակությունների ցուցակում։

Օտարերկրացիների ընդունելությունը կատարվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն։ Օտարեկրացի դիմորդների համար ակադեմիայում կազմակերպվում են նախապատրաստական դասընթացներ մասնագիտական առարկաներից` գծանկարչություն, գունանկարչություն, քանդակագործություն, կոմպոզիցիա, ինչպես նաև ուսուցանվում են հայոց և ռուսաց լեզուներ։ Այդ դասընթացները հաջողությամբ ավարտածներն ընդունվում են համապատասխան բաժինների առաջին կուրս։ Ի վերջո 2017 թվականին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան վերանվանվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի:

Եվ ահա անցյալ տարի բուհը պետք է մեծ հանդիսությամբ նշեր հիմնադրման 75 ամյակը,սակայն ցավոք հասկանալի պատճառներով (համավարակ,պատերազմ Արցախում) այն հետաձգվեց: Բավականին վերջերս ի երախտագիտություն բուհի ուսումա-դասախոսական անձնակազմի ու հիմնադրման 75 ամյակին նվիրված այստեղ «ԱԼԲԵՐՏ ԵՎ ԹՈՎԷ ԲՈՅԱՋՅԱՆ» ցուցասրահում, բացվեց ուսանողական ցուցահանդես:Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների արվեստագետներ ու մտավորականներ՝մասնակցելու այս գեղեցիկ նախաձեռնությանը:

Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ սիրված կրթօջախի ռեկտոր հայ նկարիչ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը:Իր խոսքում նա ողջունելով բոլորին մի քանի խոսքով ներկայացրեց բուհի պատմությունն ու ցուցահանդեսն,իսկ իր խոսքն ավարտեց բոլոր ցուցահանդեսին մասնակիցներին ու կազմակերպիչներին ուղղված շնորհավորանքի ու երախտիքի խոսքերով:

Բուհի մասին հիշարժան ու պատմական,ինչպես նաև ուսանողներին ուղղված շնորհավորական ելույթներով հանդես եկան  հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության ու Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Սաֆարյանը,կերպարվեստի ֆակուլտետի դեկան հայ գեղանկարիչ, մանկավարժ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Էդուարդ Վարդանյանն, ուսանողուհիներից Մանե Մակյանը:

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր