211652_close_icon
views-count2059 դիտում article-date 14:55 10-11-2021

Ադրբեջանական կրակոցները Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել են թիրախային, փշրել են տրակտորի ապակիները․ կրակոցների պահին բնակիչը գտնվել է տրակտորի մեջ և վարել է հողը․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել երեկ, ադրբեջանցիների կողմից Խաչիկ գյուղի ուղղությամբ կրակոցների հետևանքների մասին․ «Երեկվա ադրբեջանական կրակոցները Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել են թիրախային, փշրել են հողային աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչի տրակտորի հետևի ու կողային ապակիները:

Կրակոցների պահին համայնքի բնակիչը գտնվել է տրակտորի մեջ և վարել է հողը։ Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողներն էլ գիտակցել են, որ խաղաղ բնակիչը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված այս ահազանգերը փատահավաք աշխատանքներով ստուգվել և հաստատվել են (կից՝ վնասված տրակտորի լուսանկարները): Կրակոցներն արձակվել են ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ, տեղի են ունեցել 2021թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում:

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ուղղված է ՀՀ խաղաղ բնակիչների արժանապատվության, կյանքի ու սեփականության իրավունքի դեմ, խաթարում է մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքը: Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:

Հայաստանի բնակիչների իրավունքներն անընդհատ խախտող ադրբեջանական արարքների գլխավոր պատճառներից են անպատժելիությունը, ինչպես նաև պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը:

Այս հաղորդումը կներառվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու կուղարկվի միջազգային կառույցներին»:

Նմանատիպ նյութեր