211652_close_icon
views-count1269 դիտում article-date 16:05 05-11-2021

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն արձանագրվել է հայ-վրացական բազմաբեւեռ հարաբերությունների եւ փոխգործակցության բարձր մակարդակը:

Զրույց է ծավալվել երկու երկրների իշխանությունների տարբեր թեւերում առկա գործընկերային հարաբերությունների եւ դրանց ընդլայնման շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Վրաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունները չափազանց կարեւոր են բարեկամ երկրի հետ համատեղ աշխատանքային օրակարգեր ունենալու տեսանկյունից:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության խորացումը բխում է եղբայրական եւ հարեւանային շահերի առաջնահերթություններից: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի ՍԴ նախագահը կարեւորել է Հայաստան կատարած այցը՝ շեշտելով, որ երկու երկրների օրենսդիր մարմինների օրինակելի փոխգործակցությունը կարեւոր ցուցիչ է սահմանադրական դատարանների համար:

Նրա խոսքով՝ Վրաստանի ՍԴ նիստերին իրենց մասնակցությունն են բերում պատգամավորները, ինչը մեծապես օգնում է օրինաստեղծ պրակտիկայի կատարելագործմանը:

Կողմերը քննարկել են գործընկերային ամուր հիմքեր ունեցող ծրագրերի իրականացմանը միտված հարցեր:

Նմանատիպ նյութեր