211652_close_icon
views-count35789 դիտում article-date 19:10 04-11-2021

Քեզ բացակա չենք դնի, սարդարապատցի 20-ամյա լեգենդ դարձած հերոս Դավիթ Գրիգորյան. Արցախի նախագահը մասնակցեց հերոսի հուշարձանի բացմանը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ այցելեցին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի տուն։ 

Երեկ լրանում էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Դավիթի մահվան 1 տարին։ Հերոսի տան անկյունում Արցախի նախագահը 1 րոպե լռությամբ հարգեց նրա հիշատակը, ապա ուղևորվեցին Սարդարապատ գյուղի զինվորական պանթեոն։ 

Պանթեոնում հերոսի հուշաքարը բացելու համար սպիտակ ժապավենը իջեցրեց հայրը՝ Լյովա Գրիգորյանը, ապա հոգևոր հովվի կողմից հնչեցվեց Տերունական աղոթքը, իսկ հետո Արցախի նախագահը, Ներքին գործերի նախարարը, Արմավիրի մարզպետն ու հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, և նրա հիշատակը հարգելու եկած քաղաքացիները խնկարկեցին, ապա ծաղիկներ խոնարհեցին հերոսի շիրիմին։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Հայ զինվորական, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, Արցախի հերոս, 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից Դավիթ Լյովայի Գրիգորյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 17-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։

Ընտանիքում փոքրն էր և միակ որդին։ 2006-2007թթ․ հաճախել է սպորտային մարմնամարզության դասերի։ 2006թ-ին պարգևատրվել է սպորտային մրցաշարում մրցանակատեղը գրավելու համար։ 2007թ-ի հունիսի 23-ին խմբային մրցումներում գրավել է 4-րդ տեղը։

2007-2018թթ․ հաճախել է Սարդարապատի միջնակարգ դպրոց։ 2008թ,2010թ,2011թ և 2012թ Սարդարապատի միջնակարգ դպրոցի կողմից պարգևատրվել է գովասանագրերով՝ գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար։

2009-2010թթ․ հաճախել է կարատեի դասընթացների։ 2010թ-ի փետրվարի 20-ին արժանացել է 2-րդ կարգի, նույն թվականի հուլիսի 17-ին՝ Արմավիրի մասնաճյուղում, հոկտեմբերի 16-ին Հայաստանի կոմիտեի արաջնությունում՝ 3-րդ կարգերի։

2010թ, 2012թ, 2014թ և 2015թ մասնակցել է «Կենգուրու» մարեմատիկական մրցույթին։ 2010թ-ի մարտի 18-ին, 52 միավորով, գրավել է առաջին տեղը։

2011-2013թթ․ հաճախել է շախմատի դասերի։ 2011թ-ի շախմատի մարզային առաջնությունում գրավել է 2-րդ տեղը։ 2012թ-ի հուլիսի 13-20 Վրաստանում մասնակցել է շախմատի 7-րդ միջազգային ֆեդերացիային։ 2011թ-ին շախմատից ստացել է 2-րդ կարգ։

2014թ-ի հոկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Պաուերլիֆտինգի պարկած հրում առաջնությունում գրավել է 3-րդ տեղը։

2016թ-ի հուլիսի 6-ին ստացել է A2 մակարդակ գերմաներեն լեզվի իմացությունից։

2018թ-ին ավարտել է դպրոցը և նույն թվականին  շարունակելով մեծ քրոջ ` Հռիփսիմեի ուղին ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ։ Կիսատ թողնելով ուսումը՝ 2019թ-ի հունվարի 13-ին զորակոչվել է բանակ։Գյումրու ուսումնական զորամասում անցել է 6 ամսյա սերժանտական կուրսեր, որի արդյունքում 01․07․2019թ-ին ստացել է կրտսեր սերժանտի կոչում, որից հետո ծառայությունը շարունակել է Հադրութի N զորամասում ։ Զինվորական ծառայությունը լավ կատարելու համար 08․04․2020թ-ին ստացել է սերժանտի կոչում։ Արցախյան երկրորդ պատերազմից մեկ ամիս առաջ՝ 19․08․2020թ-ին ստացել է ավագ սերժանտի կոչում , հակատանկային ֆագոտի հաշվարկի հրամանատար։

2020թ-ի սեպտեմբերի 27-ից Արցախում ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Կարախամբիլի-Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ , ինչի համար Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։ Նոյեմբերի 2-ին Դավիթը և երեք ընկերները զոհվել են նվիրելով իրենց կյանքը հայրենիքին։


2020 թվականի հոկտեմբերի 4-ին Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Դավիթ Գրիգորյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձր կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։ Դավիթ Գրիգորյանը 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Կարախանբեյլիի և Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա։ Նրա շնորհիվ, Սարդարապատի միջնակարգ դպրոցը, որտեղ նա սովորել է ստացավ ոսկե մեդալ։

Զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 2-ին։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 399+
399+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր