211652_close_icon
views-count1303 դիտում article-date 12:36 04-11-2021

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Արցախի միջազգային ներգրավվածությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ու պետնախարարի գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանի հետ միասին, նոյեմբերի 2-ին և 3-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքում հանդիպել է որոշ կոնգրեսականների:

Ֆրանկ Փալոնի, Աննա Էշուի և Ջիմ Քոսթայի հետ հանդիպումների ժամանակ պետական նախարարը հակիրճ ներկայացրել է Արցախի մարդասիրական իրավիճակը, հակամարտության կարգավորման ԱՀ մոտեցումները և կառավարության կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությանը միջազգային հանրության կողմից տուրք տալու պատճառով պատերազմի մարդասիրական հետևանքների վերացման գործում միջոցների զգալի սղություն կա: Այդ համատեքստում նա շեշտադրել է Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ առկա անվտանգային ու մարդասիրական կարիքների ու առանձնահատկությունների հաշվի առնմամբ:

Պետական նախարարը նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը հիմնաքարային նշանակություն ունի հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման գործում՝ ակնկալիք հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործուն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Նա կարևորել է Արցախի միջազգային կարգավիճակի հարցի արդարացի ու արագ լուծման անհրաժեշտությունը արցախցիների երկարաժամկետ անվտանգության և այլ հիմնարար իրավունքների ու շահերի պաշտպանության համատեքստում:

Արտակ Բեգլարյանը նաև այցելել է Կոնգրեսի գրադարանի հայկական բաժին, ծանոթացել այնտեղ առկա հնարավորությունների հետ և քննարկել Արցախին առնչվող գրականության շարունակական ավելացման մեխանիզմները:

Նմանատիպ նյութեր