211652_close_icon
views-count1668 դիտում article-date 11:31 02-11-2021

Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։

Ինչպես հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, Երևանում գտնվելու ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը, ինչպես նաև՝ կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։

«Ուրախ ենք, որ տարածաշրջանի և մայրաքաղաք Վաշինգտոնի մեր գործընկերների հետ հավաքվելու այս վաղեմի ավանդույթը կարող ենք վերականգնել՝ փոխանակելով մտքեր, գաղափարներ ու ներկայացնելով տեղեկություններ, որոնք թույլ կտան տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ կապված առավել լավ համակարգել մեր քաղաքականությունը»,- նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Համաժողովի մասնակիցները ներքին քննարկումներից զատ նաև հանդիպումներ կունենան Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների նախորդ համաժողովները տեղի են ունեցել Բաքվում (2019թ․) և Թբիլիսիում (2018թ․)։     

Նմանատիպ նյութեր