Նոր վարկային համաձայնագիր. Երևանը ձեռք կբերի 100 հատ 12 մետրանոց նոր ավտոբուսներ

Նոր վարկային համաձայնագիր. Երևանը ձեռք կբերի 100 հատ 12 մետրանոց նոր ավտոբուսներ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:


Հարցը ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել և Երևանի քաղաքապետարանին է տրամադրվել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, համաձայն որի երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ:

Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երևանի քաղաքապետարանը դեռևս 2019թ. գարնանը քննարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (այսուհետ՝ ՎԶԵԲ) հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը՝ համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակներում:

Նախնական գնահատմամբ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո:

Ըստ այդմ, առաջին փուլի ֆինանսավորումը կազմում է 25 մլն եվրո, որից 20 մլն եվրո վարկ է ՎԶԵԲ-ից և 5 մլն եվրոն՝ դրամաշնորհ:

Խոսքը 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման մասին է. կոչվում են ցածրահատակ ավտոբուսներ, որոնք բավական լավ հարմարեցված են բոլորի համար:

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021 թվականի փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման (Advanced Procurement) երկփուլային մրցույթ՝ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով:

Մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետը  սահմանված է եղել 2021 թվականի մարտի 31-ը: Ներկայումս ստացված առաջարկները գտնվում են գնահատման փուլում:

«Կարող ենք ասել, որ սա կառավարության հերթական խոշոր աջակցությունն է Երեւան համայնքին, որպեսզի կարողանա ամբողջովին նոր ավտոբուսներով երթուղային նոր ցանց ունենա»,- ասաց Սանոսյանը:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք