211652_close_icon
views-count3068 դիտում article-date 23:49 27-10-2021

ՔՊ-ի ավագանու ցուցակում ՀՀԿ-ի համար աշխատած գյուղապետեր են. ըստ ՀՅԴ-ի թեկնածուի՝ Իջեւանում վախի մթնոլորտ կա

Նոյեմբերի 14-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւան խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որոնք կանցկացվեն համամասնական ընտրակարգով։

Ընտրությանը կմասնակցի երկու քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։

Հոկտեմբերի 20-ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 12-ը ներառյալ։ Իջեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորում է  37-ամյա Վահան Ղազումյանը, որը ծնունդով Իջեւանից է, 2018 թ-ից` Իջեւան քաղաքի ավագանու անդամ։ NEWS.am-ը զրուցել է Վահան Ղազումյանի հետ։

Պարոն Ղազումյան, ՀՅԴ–ն Իջեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է «Հայրենիքը սկսվում է համայնքից» կարգախոսով։ Ինչո՞ւ եք որոշել գլխավորել ավագանու ցուցակը։

Մեր նպատակը հաղթանակն է, իսկ հետագայում խոշորացված համայնքում արդյունավետ աշխատանք իրականացնելը։ Անձամբ ես դեմ եմ  համայնքի խոշորացմանը, սակայն, մեր քաղաքական ուժը որոշեց մասնակցել ընտրություններին։ Հիմա ես Իջեւան քաղաքի գործող ավագանու անդամ եմ,  ընտրություններից հետո 17 գյուղ կմիանա Իջեւանին եւ այն կհամարվի խոշորացված։ Ընտրություններին մասնակցելու են նաեւ այդ 17 գյուղի բնակիչները։

Իջեւանի ավագանու ընտրություններին մասնակցում են միայն երկու ուժ։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ այլ քաղաքական ուժեր չցանկացան մասնակցել դրանց եւ ինչպե՞ս է ընթանում  նախընտրական քարոզարշավը։

Ըստ իս՝ ընտրություններին այլ ուժեր չեն մասնակցել՝ վախի մթնոլորտով պայմանավորված։ Մարդիկ կան, որոնք դեմ չէին ցուցակում ընդգրկվել, բայց տարբեր պատճառաբանություններ էին բերում, որ խնդիր կառաջանա, որովհետեւ, օրինակ, ընտանիքի անդամներից այս կամ այն մեկն աշխատում է պետական կառույցում։ 

Հոկտեմբերի 20-ին մեկնարկել է  նախընտրական քարոզարշավը, որը պասիվ է։ Պասիվությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ ընդամենը երկու քաղաքական ուժ է մասնակցում։ Այժմ պաստառներ ենք տեղադրում, մեր ակտիվ ընտրազանգվածի հետ աշխատանք ենք կատարում, որ նրանք էլ այլ տեղերում սկսեն քարոզչությունը։  Վաղվանից կսկսենք ավելի ակտիվ լինել, սոցիալական ցանցերում նույնպես փորձում ենք  ակտիվություն ցուցաբերել։ Ես էլ, համախոհներս էլ հանդիպում ենք բնակիչների հետ։ Ես կողմ եմ նաեւ բակային հանդիպումներին, պատրաստ եմ բնակիչներին հուզող հարցերին պատասխանել, լսել նրանց առաջարկները։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր