Մեծ Մանթաշի մանկապարտեզում կայացավ ցուցահանդես՝ «Ոսկե աշուն» թեմայով. մասնակցում էին մանկապարտեզի սաներն ու ծնողները՝ իրենց ձեռագործ աշխատանքներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեծ Մանթաշի մանկապարտեզում կայացավ  ցուցահանդես՝ «Ոսկե աշուն» թեմայով. մասնակցում էին մանկապարտեզի սաներն ու ծնողները՝ իրենց ձեռագործ աշխատանքներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Հոկտեմբերի 26-ը տոնական էր Մեծ Մանթաշի մանկապարտեզի անձնակազմի, սաների, ծնողների և հյուրերի համար: Օրվա թեման էր՝ «Ոսկե աշուն»:


Ցուցահանդեսին մասնակցում էին մանկապարտեզի սաներ և ծնողները՝ իրենց ձեռագործ աշխատանքներով, հայկական խոհանոցի ավանդական ուտեստներով, աշնան բերքուբարիքով:

Մանկապարտեզի սաները գեղարվեստական ելույթներով՝ երգ ու պարով, ասմունքով գովերգեցին բերքառատ աշունը:

Մանկապարտեզի բակ մուտք գործելիս բացվում էր մի գեղեցիկ աշնանային տեսարան, կարծես թե Հայաստան աշխարհի գունագեղ աշնանից մի կտոր տեղափոխվել էր մանկապարտեզ ու ներկաներին հավաքել իր շուրջը՝ փոխանցելով երջանկություն և տոնական տրամադրություն:

Ցուցահանդեսը կազմակերպել էր Մեծ Մանթաշի մանկապարտեզի տնօրեն Վ. Չոբանյանը: Նրան աջակցել էին դաստիարակներ՝ Ս. Սևոյանը, Թ. Կյուրեղյանը, Ն. Հովսեփյանը, Ն. Սարգսյանը, Ն. Սևոյանը, երաժշտության դաստիարակ՝ Ա. Արշակյանը, ծնողկոմիտեի անդամներ՝ Ա. Եփրեմյանը, Ն. Հովսեփյանը, Շ. Թորոսյան, Ա. Մկրտչյանը, Հ. Խաչատրյանը և մանապարտեզի ողջ անձնակազմը:

Միջոցառմանը հրավիրված հյուրերի շարքում էին՝ Մեծ Մանթաշ համայնքի ղեկավար Ա. Գրիգորյանը, Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի տնօրեն Գ. Սանդոյանը, Փոքր Մանթաշի մանկապարտեզի տնօրեն Թ. Սարգսյանը, ԻՆԹՐԱ ՀԿ նախագահ Ք. Բաղդասարյանը և ուրիշներ:

Ցուցահանդեսի գլխավոր նպատակը հայ գյուղացու աշխատանքի գովերգումն էր: Մեծ Մանթաշ համայնքի բնակիչները միշտ էլ աչքի են ընկել իրենց աշխատասիրությամբ, ջանասիրությամբ, հյուրասիրությամբ և բարեկեցիկ կենցաղի ձգտմամբ: Ամբողջ բերքն ու բարիքը ներկայացված էր որպես աշխատավոր գյուղացու հարստություն: Սա նաև բերքի տոն էր՝ նվիրված բերքահավաքին, բերրիությանը և ընտանիքի բարեկեցությանը:

Ցուցահանդեսի նպատակն էր նաև երեխաների մեջ աշխատանքային, գեղագիտական և հայրենասիրական դաստիարակության սերմանումը, ինչպես նաև մանկապարտեզ-ծնող, ծնող-ծնող համագործակցության ամրապնդումը:

Տեղի ունեցավ նաև աշխատանքների գնահատում: Ժյուրիի անդամները մի շարք անվանակարգերում մասնակիցներին հանձնեցին շնորհակալագրեր: Վերջում ծնողների նախաձեռնությամբ տեղի ունեցավ աճուրդ-վաճառք, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կծառայի մանկապարտեզի համար անհրաժեշտ գույք գնելուն:

Լուսանկարները՝  Հարություն Համբարյանի
 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք