211652_close_icon
views-count45639 դիտում article-date 10:40 27-10-2021

Ձեզ բացակա չենք դնի. Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված Ռաֆայել Մխչյանի և Վահագն Բուդուրյանի հիշատակը հավերժացնող խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր եկել էին մասնակցելու այնտեղ տեղի ունեցող խաչքարի բացման արարողությանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ խաչքարի օծումը, քահանա Տեր Տիրանը հնչեցրեց Տերունական աղոթքը, ապա նրա ձեռամբ օծվեց խաչքարը։ 

Այն նվիրված էր Արցախում զոհված բոլոր նահատակներին, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Ռաֆայել Մխչյանին և Վահագն Բուդուրյանին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հզոր և պաշտպանված Արցախի ու Հայաստանի։ 

Խաչքարի բացմանը ներկա էին արցախյան առաջին, ապրիլյան քառօրյա, արցախյան 44-օրյա պատերազմներին մասնակցած կենդանի լեգենդներ, հրամանատարներ, զինվորներ, հերոսածին մայրեր, հարազատներ։

Հուշաքարի օծումից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին, ապա Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մոմավառություն կատարեցին։ 

Ներկաներն ասում էին. «Ամեն անգամ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի այցելելիս ծաղիկներ ենք խոնարհելու խաչքարին ու ամեն անգամ եկեղեցում մոմ վառելիս Տիրոջից Հայաստանի ու Արցախի համար խաղաղություն խնդրելիս նաև մոմ ենք վառելու ոչ միայն Ռաֆայելի ու Վահագնի, այլև բոլոր հերոսների հիշատակի համար, որովհետև նրանց շնորհիվ մենք կանք, նրանք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեզ, ու մենք պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան վառ պահել մեր հերոսների հիշատակը»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 289+
289+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր