211652_close_icon
views-count908 դիտում article-date 10:37 27-10-2021

Լյումպենացման նյութական և հոգևոր բաղադրիչները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Օլիգարխիկ պետական կառավարման ամենավատ հետեւանքն է սոցիալական ծայրահեղ բեւեռացումը: Դա նկատել էր դեռեւս Պլատոնը, որը նշում էր, որ նման պետություններում մարդիկ վաճառում են իրենց գույքը, բայց շարունակում են ապրել նույն պետության մեջ՝ չպատկանելով որեւէ դասին՝ «չլինելով ո՛չ առեւտրական, ո՛չ արհեստավոր, ո՛չ հեծյալ, ո՛չ հետեւակի զինվոր, այլ դառնալով այն, ինչ կոչում են աղքատ եւ ընչազուրկ»: Սոկրատեսի եւ նրա զրուցակիցների միջոցով Պլատոնը ցույց է տալիս, որ օլիգարխիայի պայմաններում անկում են ապրում բարոյականությունը, կրթությունը, մշակույթը, ռազմական գործը, որովհետեւ թե՛ փոքրաթիվ հարուստների եւ թե՛ մեծաթիվ աղքատների ուշքն ու միտքը նյութական բարեկեցությունն է, որն առաջիններն ունեն չափից դուրս շատ, իսկ երկրորդներն ընդհանրապես չունեն:

Մոտավորապես նույն ընչազուրկ խավը Կարլ Մարքսն անվանում էր «լյումպեն», որն ի տարբերություն բուրժուայի եւ բանվորի, չէր գիտակցում իր շահերը եւ, այսպես ասած, թողնված էր բախտի քմահաճույքին:

30 տարում տեղի է ունեցել Հայաստանի բնակչության զանգվածային լյումպենացում՝ ոչ միայն նյութական, այլեւ մտքի, հոգու աղքատացում: Ընդ որում, այն հատուկենտ «երջանիկները», որոնք կարողացել են հարստանալ, այդ երկրորդ՝ ոչ նյութական տեսանկյունից նույնպես ոչինչ չշահեցին: Այդ փորձը, թեեւ որոշ չափով անխուսափելի էր, բայց բոլոր դեպքերում տրավմատիկ էր բոլորի համար: 20-րդ դարում նման բաներ արդեն տեղի էին ունեցել, մասնավորապես, ռուսների եւ գերմանացիների հետ: Վերջիններիս «տրավման» Առաջին համաշխարհային պատերազմում պարտությունն էր, որից հետո նրանց ուղեղը սկսեցին լվանալ, թե իբր դրանում մեղավոր են հրեաները: Այդ քարոզչության ազդեցության տակ գերմանացի «լյումպեններից» շատերը դառնում էին ռասիստներ, էսեսականներ եւ առանց խղճի խայթի այլազգիներին ուղարկում էին գազային խցիկներ կամ դիակիզարաններ:

«Լյումպենին» հեշտ է մանիպուլացնել, որովհետեւ նրա գործողությունների շարժառիթն է ատելությունն ու վրեժը: Մոտավորապես 2000-ականներից սկսած՝ Հայաստանի ընչազուրկ (բոլոր իմաստներով աղքատ) խավին սկսեցին համոզել, որ իր դժբախտություններում մեղավոր են ղարաբաղցիները: Այդ ռասիստական քարոզչությունը փոքր-ինչ քողարկելու համար երբեմն օգտագործում էին «ղարաբաղյան կլան» հասկացությունը՝ իբր որոշակի կլանի ներկայացուցիչները կարողացել են ապօրինի հարստանալ զուտ այն պատճառով, որ նրանք արմատներով Արցախից են:

Քարոզչությունն իր արդյունքներն է տվել, եւ պատերազմում կրած պարտությունը, մեր ազգի այդ հատվածին պատահած աղետը հիշյալ զանգվածի մեջ ոչ միայն ցավ չի առաջացնում, այլեւ հակառակը՝ թաքնված կամ բացահայտ բավարարվածություն է պատճառում: Արդյոք դա՞ չէր նաեւ պարտության պատճառներից մեկը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր