Կրետե կղզում տեղի ունեցավ ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի 25-րդ գլխավոր համաժողովը

Կրետե կղզում տեղի ունեցավ ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի 25-րդ գլխավոր համաժողովը

Հունաստանի Կրետե կղզում տեղի   ունեցավ ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի / ANOC /   25 –րդ գլխավոր համաժողովը: Այն տևեց երկու օր:  



Համաժողովը  հաստատեց  ANOC-ի  2021-2024թթ.  ռազմավարական ծրագիրը: Այնտեղ ամրագրված են կազմակերպության չորս առանցքային դիրքորոշումներ՝ համագործակցություն, զարգացում, ներկայացուցչություն և միջոցառումներ։ Բոլոր աշխատանքները կիրականացվեն նշած հիմնական ուղղություններով։ 



Ասամբլեան հավանության  արժանացրեց  կազմակերպության  կանոնադրության փոփոխությունները:



Միջոցառման  մասնակիցները   դատապարտեցին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) ՝ երկու տարին մեկ  աշխարհի առաջնություն կազմակերպելու որոշման վերաբերյալ։ Նշվեց, որ դա կարող է բացասաբար ազդել գենդերային հավասարության և խաղացողների առողջության վրա։



Լսվեցին  ANOC -ի նախագահի պաշտոնակատար Ռոբին Միտչելի  և գլխավոր քարտուղար Գունիլա Լինդբերգի կազմակերպության վերջին երկու տարիների գործունեության մասին և   ֆինանսական հանձնաժողովի հաշվետվությունները : Հաստատվեց 2021-2024թթ. բյուջեն:



<< Տոկիո – 2020 >> - ի գործադիր տնօրեն  Տոշիրո Մուտոն իր ելույթում  շնորհակալություն հայտնեց  ՄՕԿ-ին, կազմկոմիտեին, Ճապոնիայի կառավարությունը, միջազգային ֆեդերացիաներին և ԱՕԿ-ներին ՝ համավարակի դժվարին պայմաններում ցուցաբերած համագործակցության և աջակցության համար: 



Ներկայացվեցին  << Պեկին – 2022 >>  և  << Փարիզ – 2024 >>  կազմկոմիտեների օլիմպիական խաղերի  նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցները:



ՄՕԿ-ի գլխավոր տնօրեն Քրիստոֆ դե Կեպպերն անդրադարձավ  <<  Օլիմպիական օրակարգ 2020 + 5 >>  ծրագրի  իրականացման առաջընթացի մասին հարցերին:



Տեղի  ունեցավ  ANOC –ի   Awards-2021 –ի   տարբեր անվանակարգերում աշխարհի լավագույն մարզիկներին մրցանակների հանձնման արարողությունը:



Քենիացի աթլետ Էլիուդ Կիպչոգեն և  կանադացի լողորդուհի Մարգարեթ Մաքնիլն արժանացան լավագույն մարզիկի կոչմանը:  



Կիպչոգեն 36 տարեկան է, մարաթոնյան վազորդ։ Ռիոյի և Տոկիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն է,  աշխարհի ռեկորդակիր։ 



21-ամյա Մաքնիլը  Տոկիոյի խաղերի  լողի  ոսկե դափնեկիր է 100 մետր բատերֆլայ, փոխչեմպիոն է  ՝  4x100 մետր ազատ և երրորդ մրցանակակիր՝ 4x100 մետր համալիր փոխանցալողաոճերում։ 



Լավագույն թիմեր ճանաչվեցին Նոր Զելանդիայի  ռեգբի – 7 –ի`  կանանց և Ճապոնիայի տղամարդկանց  բեյսբոլի  հավաքականները։ 



Հատուկ մրցանակի  արժանացավ  կուբացի հունահռոմեական ոճի ըմբիշ Միխաին Նունյես  Լոպեսը, ով չորրորդ անգամ  անընդմեջ օլիմպիական  ոսկե մեդալ նվաճեց:



ՄՕԿ  -ի նախագահ Թոմաս Բախը շնորհակալություն  հայտնեց  օլիմպիական ընտանիքին  Տոկիոյի մարզահանդեսում ունեցած ակտիվ մասնակցության և համերաշխության համար։ Նա ընդգծեց,  որ համակարգված գործողությունների շնորհիվ կայացան   ամառային օլիմպիական խաղերը, շատ մարզիկներ ուրախության պահեր   ապրեցին , իսկ  ոմանց առաջին անգամ հաջողվեց մրցանակակիր դառնալ:



Բախն  անդրադարձավ նաև  Պեկինի ձմեռային խաղերի նախապատրաստությանը  և հույս   հայտնեց,  որ 2022թ. փետրվարին կայանալիք օլիմպիական խաղերը նույնպես հաջողություն կունենան:



 ANOC  -ի հաջորդ ՝  26 –րդ գլխավոր համաժողովը  տեղի կունենա Սեուլում ՝  2022թ.  հոկտեմբերի 17-21-ը։ 

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք