211652_close_icon
views-count36689 դիտում article-date 12:06 26-10-2021

Ձեզ բացակա չենք դնի. Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում խնկարկեցին լեգենդ դարձած հերոս Վարուժան Գևորգյանի շիրիմին, ապա ծաղիկներ խոնարհեցին նրա և մյուս հերոսներ Ավագի ու Խաչիկի շիրիմներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար ընկան նաև Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի՝ արդեն լեգենդ դարձած բնակիչներ։ 

Հոկտեմբերի 24-ին հերոս Վարուժան Սերգեյի Գևորգյանի շիրիմին էին այցելել նրա հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, ովքեր ծաղիկներ խոնարհեցին, ապա խնկարկեցին հերոսի շիրիմին։ 

2020 թվականին, երբ թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա, Վարուժը ծառայում էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։

Վարուժան Գևորգյանը ծնվել է 2000 թ.ի դեկտեմբերի 12-ին, Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում։ Սովորել է Հուշակերտի միջնակարգ դպրոցում, այնուհետև` Արմավիրի Ինդուստրիալ քոլեջում որպես խոհարար։

Ծառայության է անցել 2019 թ-ի հունվարի 7-ին Մարտունի 2 զորամասում։ Ծառայել է որպես հետախույզ։

2020 թ-ի հունվարի 7-ին նույն զորամասում ծառայության է անցել նաև հարազատ եղբայրը` Մուրադ Գևորգյանը։ Պատերազմի ժամանակ տեղափոխվել են Վարանդա (Ֆիզուլի), որտեղ էլ 2020 թ-ի հոկտեմբերի 24-ին վիրավորվել է փոքր եղբայրը, ում տեղավորելով շտապ օգնության մեքենան՝ ուղարկել են Երևան։ Ստացել է խորը բեկորային վնասվածքներ, հեռացրել են աջ աչքը։ Նույն օրը կեսգիշերից հետո դիպուկահարի հարվածից Վարուժանը անմահացավ։


Հերոսի շիրիմի կողքին հանգչում են նաև գյուղի մյուս հերոսներ, ավագ լեյտենանտ Խաչիկ Հարությունյանը և մյուս հերոս Ավագ Ավետիսյանը։ 

Խաչիկ Հարությունյանը ծնվել է 1994 թ.-ի փետրվարի 14-ին Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում։ Հերոսը ընտանիքի ավագ զավակն էր։ Սովորել է Հուշակերտի միջնակարգ դպրոցում, մանկուց զբաղվել է ֆուտբոլով։ Կարիերան սկսել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում, հետագայում տեղափոխվել «Արարատ» ֆուտբոլային ակումբ կարիերան շարունակելու։

Սիրելով ֆուտբոլիստի մասնագիտությունը 2012-2016 թթ.-ին անվճար հիմունքներով ընդունվել, սովորել և ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը(ՀՖԿՍՊԻ)՝ ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ։

2016-2017 թթ.-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցել է մեկամյա դասըթացների ստանալով Հրետանավորի մասնագիտություն։

2017 թ.-ին ստացել է «լեյտենանտ» զինվորական կոչում և կամավոր՝ իր դիմումի համաձայն, մեկնել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիսի զ/մ `ծառայությունը շարունակելու։

Պատերազմի առաջին իսկ րոպեներից եղել է մարտի դաշտում։ Պաշտպանության բանակի շփման գծի հյուսիսային հատվածում տեղակայված N զորամասի պաշտպանության դիրքերում երկարատև կատաղի մարտեր է մղել, ոչնչացնելով թշնամական զինտեխնիկայի շարասյուններ, հենակետեր, մեծաքանակ կենդանի ուժ։ Արագ, օպերատիվ և անվտանգ կազմակերպել է անձնկազմի դեպի ապահով հենակետեր տեղաշարժը։

Ցուցաբերած հմտության, բարձր վարպետության և կազմակերպվածության համար Խաչիկը տեղափոխվել է շփման գծի արևելյան հատված `մարտերը շարունակելու։ Մինչ օգնություն կհասներ, միայնակ է վարել մարտը։ Համառ, թեժ մարտերից հետո, թշնամուն պատճառելով մարդկային և նյութական մեծ կորուստներ, կասեցնելով նրանց առաջխաղացումը, հետ է շպրտել դեպքի ելման բնագծեր։ Հոկտեմբերի 25-ին մարտի ընթացքում Խաչիկը անմահացավ։


Ավագ Պարույրի Ավետիսյան

Ավագ Պարույրի Ավետիսյանը ծնվել է 2000 թ-ի հոկտեմբերի 13-ին, Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում։ 2006 թ-ին հաճախել է դպրոց  և 2016 թ-ին ուսումը շարունակել է Արմավիրի պետական ինդուստրիալ֊մանկավարժական քոլեջի խոհարարական բաժնում։

Ավարտելով քոլեջը՝ Ավագը բանակ է զորակոչվել 2019 թ-ի հունվարի 7֊ին՝ ծառայելով Հադրութում։ 2020 թ-ին սանձազերծված  չարաբաստիկ պատերազմի ժամանակ թեժ կռվի մասնակից Ավագը չվախեցավ ոչմի բանից. նա փրկեց իր ընկերներին իր կյանքի գնով։
Ավագը իր հրամանատարի հետ հոկտեմբերի 10֊ին կռվի դաշտում իր ընկերներին մի պահ ասել է. «Տեսնես՝ մենք կգնա՞նք, թե՞ մեզ կտանեն», բայց ժպիտով է կռվել մինչև վերջին վայրկյանը։

Հոկտեմբերի 10-ին վիրավոր ընկերոջը դուրս բերելիս Ավագը զոհվեց՝ չհասցնելով դառնալ 20 տարեկան՝ հավերժ մնալով 19 տարեկան հպարտ զինվոր։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 317+
317+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր