211652_close_icon
views-count1454 դիտում article-date 10:49 26-10-2021

«Ներքին ճնշման» հարցում Փաշինյանի ձեռքերն ազատ են․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անցած շաբաթ «Ալիք մեդիա» լրատվամիջոցը տեղեկություն հրապարակեց, ըստ որի, այս տարվա նոյեմբերի 10-ին Մոսկվայում Փաշինյանը, Պուտինը եւ Ալիեւը երկու փաստաթուղթ են ստորագրելու: Վկայակոչելով «դիվանագիտական հավաստի աղբյուրները»՝ կայքը նշում է, որ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների խորհրդային բանակի Գլխավոր շտաբի քարտեզները: Երկրորդ փաստաթուղթն, ըստ «Ալիք մեդիայի», առնչվում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Ռուսական որոշ կայքեր (այդ թվում՝ «Ռիա-նովոստին») հաստատեցին նման հանդիպման հնարավորությունը: Երեք-չորս օր լռելուց հետո հայաստանյան եւ ռուսաստանյան պաշտոնական աղբյուրներն անդրադարձան այդ հարցին. դրանց ասածի իմաստն այն է, որ բարձրագույն մակարդակով հանդիպում իսկապես կարող է տեղի ունենալ, սակայն որեւէ կոնկրետ պայմանավորվածություն առայժմ չկա:

Հայաստանում շատերն առաջ են քաշում այն տեսությունը, որ տեղեկատվական արտահոսքը կազմակերպել է հենց ինքը՝ Հայաստանի իշխանությունը: Եթե այդ տեսությունը ճիշտ է, ապա կարող է լինել երկու բացատրություն. կա՛մ վարչակազմը պատրաստում է հասարակական կարծիքը, կա՛մ Փաշինյանն իրականում չի ուզում նման փաստաթուղթ ստորագրել եւ որպես արդարացում ցանկանում է ներկայացնել «հասարակական դժգոհությունը»:

Այդպե՞ս է դա, թե՞ ոչ՝ դժվարանում եմ ասել, բայց պարզ է, որ սեղանին դրված են մոտավորապես հենց ա՛յս բովանդակության փաստաթղթեր, եւ այդ առումով իմաստալից են հետեւյալ հարցերը. 

1/ արդյո՞ք Փաշինյանը կարող է խուսափել այդ փաստաթղթերի ստորագրումից,

2/ արդյոք հնարավո՞ր է սահմանագծման եւ սահմանազատման հարցը բաժանել, առանձնացնել տարածքային ամբողջականության հարցից,

3/ արդյո՞ք հնարավոր է ապաշրջափակման հարցերում «սիմետրիկ» մոտեցում՝ մենք նրանց ենք ճանապարհ տալիս, նրանք՝ մեզ:

Եթե այս երեք հարցերի պատասխանը (ինչպես որ ես ենթադրում եմ) բացասական է, ապա այդ փաստաթուղթը պետք է ստորագրի հենց Փաշինյանը, քանի որ նրա՛ քաղաքականությունն է բերել նման արդյունքի:

Ինչ մնում է «ներքին ճնշմանը», ապա այս հարցում, կարծում եմ, Փաշինյանի ձեռքերն ազատ են: Հունիսի 20-ին ՔՊ-ին քվեարկած 680 հազարից ավելի քաղաքացիներ տվել են վարչապետին այդ մանդատը: Այդ 680 հազարից շատերը՝ ոմանք մասնավոր զրույցներում, իսկ ոմանք՝ հրապարակավ՝ ֆեյսբուքում, ասում են, որ Արցախում դեռեւս մնացած մարդիկ հայ չեն (ավելի կոպիտ բառերը չեմ ուզում մեջբերել): Իսկ ՔՊ-ական պատգամավորներն ասում են, որ պնդումը թե «առանց Արցախի Հայաստան չկա»՝ սխալ է: Այնպես որ «այդ կողմից» ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր