Մինչև ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «տոկի չտվեցին», պատկան մարմիները «գլխակեր» ճանապարհը կարգի չբերեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մինչև ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «տոկի չտվեցին», պատկան մարմիները «գլխակեր» ճանապարհը կարգի չբերեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  արդեն  2 օր է, ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի և  ՀՀ գլխավոր դատախազ,  արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արթուր Դավթյանի  կարգարդություններով՝  պատկան մարմինների պատասխանատուները վերջապես անցան գործի:


Երևան-Գյումրի  ավտոճանապարհի  ողբերգական ավտովթարի վայրում  սկսել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջապես նշված վայրում տեղադրվեցին երթևեկությունը կարգավորող անհրաժեշտ նշաններ, հատուկ ասֆալտե փարոսիկներով ճանապարհի որոշ հատվածներ ներկվեցին: Ողբերգական ավտովթարի վայրում արդեն կատարվում են հողալցման աշխատանքներ:

Մնում  է՝ վարորդները պահեն ճանապարհային երթևեկության կանոնները, չգերազանցեն սահմանված արագությունը, ավտոմեքենաներում թույլատրելիից ավելի ուղևորներ չտեղափոխեն,  իսկ որոշ «վայ»  քաղաքացիներ էլ չգողանան ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանները:  Հանրապետությունում եղել են նմանատիպ մի քանի գողություններ, երբ այդ  «ծալապակաս»  քաղաքացիները գողացել են նշանները:
 
Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ տեղում աշխատանքները հետևելու համար արդեն մի քանի անգամ անակնկալ նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մահ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր մահացածների և վիրավորների ինքնությունը:  

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, մասնավոր անձի կողմից վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լիդա Ղազարյանը, Գարուշ Ավետիսյանը, Արփիկ Ղազարյանը, Նարեկ Ղուկասյանը, Պավել Վերնեցյանը, Օվսաննա Ղազարյանը, Աննա Մանուկյանը, Արմենուհի Դավթյանը, Գագիկ Հակոբյանը և ևս 1 ուղևոր (անգիտակից) տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որոնց տարիքն ու բնակության հասցեները ճշտվում էին, իսկ մյուս ուղևորներ՝ Գյումրիի բնակիչներ, 31-ամյա Անի Մինասյանը, 31-ամյա Կարուշ Ավետիսյանը, 22-ամյա Սյուզաննա Հարությունյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Քրիստինա Կուչուրյանը տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն:  

Գյումրու բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գյումրիի բնակիչ՝ 36-ամյա Արմենուհի Անտոնյանը, իսկ Գյումրի քաղաքի «Մոր և մանկան» Ավստրիական հիվանդանոց էին տեղափոխվել 16-ամյա Ռաֆայել Ս.-ն և 15-ամյա Կարինեն Ա.-ն:  

Պարզվել էր, որ վթարի հետևանքով տեղում մահացել էին 35-ամյա Արթուր Պալոյանը, ում բնակության վայրը ճշտվում էր, Գյումրիի բնակիչ՝ 41-ամյա Շուշանիկ Սահակյանը, Երևանի բնակիչ՝ 37-ամյա Անի Ուարուարեանը, Գյումրիի բնակիչ՝ 21-ամյա Արմեն Շարոյանը և վարորդը՝ Գյումրիի բնակիչ՝ 59-ամյա Հարություն Կոստանյանը:  

Մյուս վիրավորները տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել օպերատիվորեն վթարի վայր ժամանած Թալինի և Աշտարակի հիվանդանոցների բժիշկների կողմից, ապա հրաժարվել էին հիվանդանոցներ մեկնելուց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ





© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք