211652_close_icon
views-count1259 դիտում article-date 16:06 25-10-2021

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է մի շարք նախաձեռնությունների մասին

Խորհրդարանական ընդդիմությունը, օգտագործելով թե խորհրդարանական գործիքակազմերը, թե արտախորհրդարանական բոլոր հնարավորությունները, առաջիկայում հանդես է գալու մի քանի նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախաձեռնությունները վերաբերում են ինչպես տարբեր հարցերով քննիչ հանձնաժողովներ ստեղծելուն, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հանրային քննակում կազմակերպելուն:

«Կարևոր գործիք է հանրային հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում անցկացնելը: Այս անգամ դա վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակին և դեմարկացիայի խնդիրներին: Այս օրերին տեղեկատվական մեծ հոսքերի պայմաններում նշված հարցն ավելի է արժևորվում: Մենք մտադիր ենք ոչ միայն ունենալ արդյունավետ քննարկում, այլև վերջում առաջարկել կոնկրետ հայտարարության նախագիծ՝ ուղղված ոչ միայն միջազգային հանրությանը, մեր քաղաքացիներին, այլև գործադիր իշխանությանն իր սահմանադրական ու օրինական պարտավորություններ կատարելու առումով»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ավելին է, քան պարզապես մտահոգությունը, ավելին է, քան հանրային հետաքրքրությունը: Հարցերը բազմաթիվ են և, ըստ Տիգրան Աբրահամյանի, միայն ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը չէ, որ հետաքրքրում է, կան հարցեր՝ հասկանալու, թե հետպատերազմյան շրջանում իշխանություններն ի՞նչ քայլեր են ձեռնարկել անվտանգային համակարգը վերականգնելու համար, ի՞նչ բարեփոխումներ են կատարվում, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ հետագայում դիմակայելու այն բոլոր փորձությունները, որոնք կարող են լինել:

« Մյուս կողմից ունենք սահմանազատման հետ կապված կարևոր ու բարդ իրավիճակ: Հայաստանն, ի զարմանս ինձ, միանգամից փորձում է միջազգային հանրությանը, բոլոր շահագրգիռ կողմերին ներկայացնել, որ ինքը շահագրգռված է դելիմիտացիայի գործընթացով: Խնդիրն այն չէ, որ ընդդիմադիր ուժերը շահագրգռված չեն խաղաղ բանակցային գործընթացով, բայց իշխանության այս հրատապ քայլերի իրականացումը, շտապողականությունը բավական հարցեր է առաջացնում այս իրավիճակում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

Հաջորդ նախաձեռնությունն ուղղված է քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝  կապված պատերազմի օրերին Հայաստան համահայկական հիմնադրամի ծախսերի հետ: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով, գնումների մեծ մասը շրջանցել են սովորական ընթացակարգերը, ավելին, որոշ պարագաների թե գինը, թե դրանց գնման արդյունավետությունը մեծ կասկածներ էին առաջացնում:

«Հայաստան համահայկական հիմնադրամը պարտավորվել էր իրականացնել աուդիտ: Այդ արդյունքների տվյալները հիմնադրամի կայքում չեն եղել, իսկ իմ գրավոր հարցմանը պատասխան եղավ այն մասին, որ պետք է դրանք հաստատվեն հոգաբարձուների խորհրդի կողմից, նոր հրապարակվեն»,-ասաց Հայկ Մամիջանյանը: Այդ համատեքստում, խորհրդարանական ընդդիմությունն առաջարկել է քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի նշված խնդիրները, ծախսվող գումարների արդյունավետությունը:

Եվս մեկ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկ կա խորհրդարանական ընդդիմության կողմից, սակայն այս անգամ հարցն արդարադատության ոլորտից է, վերաբերում է արդար դատաքննության իրավունքին: Ներկայացնելով մանրամասներ՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ վերջին տարիներին արդար դատաքննության իրավունքի ոլորտում բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել:

«Ամենամեծ խնդիրը, որ այսօր կա, և որը հիմնական առանցքն է լինելու քննիչ հանձնաժողովի, վերաբերում է նրան, որ 2021 թվականի հուլիսին դատարանում համակարգիչների միջոցով գործերի մակագրման համակարգը, տեխնիկական լուծումը խլվեց իշխանությունների կողմից: Պարզվեց՝ չեն կարող թույլ տալ, որ պատահականության սկզբունքով ընտրվի այս կամ այն բողոքը քննող դատավորը: Այդ համակարգը Հայաստանում գործում էր տարիներ շարունակ և դատարանների անկախության երաշխավորման կարևոր գործիքներից էր»,-ասաց Արամ Վարդևանյանը:

Նշված հարցերից բացի, քննիչ հանձնաժողովի աշխատանքների տիրույթում են լինելու նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները: 

Նմանատիպ նյութեր