211652_close_icon
views-count143868 դիտում article-date 21:04 24-10-2021

Մահվան ելքով վրաերթ Երևանում. Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են. իրավիճակը տեղում լարված է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 19:00-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել են:
 
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2 գումարտակի ծառայողները՝ գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսխանայանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 21 բրիգադի բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են վրաերթի ենթարկվածների մահը, բայց տեղում մի քանի քաղաքացիների, ովքեր հավանաբար, մահացածների բարեկամներն են, տեղում բուժօգնություն են ցուցաբերել:
 
Իրավիճակը մի պահ դեպքի վայրում դարձավ պայթյունավտանգ, քանի որ մարդիկ չէին թողնում, որպեսզի պարեկները պահեն դեպքի վայրը, մինչև կժամաներ քննիչը:
 
Լրացուցիչ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի և ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով ծառայողներ:
 
Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշութամբ առաջացրել է 2 մարդու մահ) հատկանիշներով:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր