211652_close_icon
views-count72310 դիտում article-date 10:39 24-10-2021

Երևանի կենտրոնում 23-ամյա խմած վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կա վիրավոր. նա փորձում էր պարեկներին մոլորեցնել, սակայն վերջիններս ապացուցեցին, թե «ում օրն է 40 օր».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ոչ սթափ վարորդի կողմից հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը  01:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Սամվել Հարությունյանը իր վարած Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Բաղրամյան պողոտայի թիվ 1 շենքի հարևանությամբ բախվել է Kia մակնիշի, այնունհետև ճանապարհին կայանված  Mercedes  GL մակնիշի, Toyota Camry,  Nissan Teana, Honda G մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հարությունյանի ուղևոր, 25-ամյա Վահե Մկրտչյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաև  մի քանի քաղաքացիների, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել, պատճառաբանելով, որ իրենց լավ են զգում:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկաության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում Hyundai-ի վարորդ Ս. Հարությունյանը մի իսկական շոու էր սարքել, փորձելով պարեկներին համոզել, որ վարորդը ինքը չի եղել, բայց պարեկները՝ ինչպես ժողովուրդն  է  ասում, ոտի վրա նրան ապացուցեցին հայտնի խոսքը, թե ում օրն է  40 օր:

Ա. Հարությունյանը ենթարկվեց  սթափության փորձաքննության,  պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները, որպեսզի խցանում տեղի չունենան և փրկարարներն ու բժիշկները կարողանան առանց խոչընդոտի աշխատել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+

Նմանատիպ նյութեր