«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է. ԿԳՄՍՆ

«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է. ԿԳՄՍՆ

Հոկտեմբերի 30-ին կայանալիք «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի նախապատրաստական աշխատանքներն ու կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:



«Պետք է ձևավորենք առողջ ապրելակերպի մշակույթ: Կրոսավազքի և այս կարգի մյուս մարզական իրադարձությունների հիմնական նպատակը հասարակության շրջանում նոր մշակույթի արմատավորումն է, որը կարող է գեղեցիկ ավանդույթ դառնալ: Մարդիկ պետք է սովորեն մասնակցել նմանատիպ զանգվածային միջոցառումների»,- քննարկման ընթացքում նշել է Կարեն Գիլոյանը` ավելացնելով, որ հասարակության մեջ կան անհատներ, որոնք կարող են դառնալ առողջ ապրելակերպի դրոշակակիրներ:


Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:



Որպես օրինակ` նախարարի տեղակալը նշել է, որ «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մասնակցության հայտ է ներկայացրել 77-ամյա մի կին, որը կարող է խթան լինել, որ վազքի և մյուս մրցաշարերին մասնակցեն նաև 30-35 ու ավելի տարիքի կանայք:



ՀՀ ԿԳՄՍ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրել է մասնակիցների, մրցավարների և տեխնիկական այլ հարցերի հետ կապված խնդիրները, որոնք քննարկվել են աշխատանքային կարգով:



Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում որոշում է ընդունվել  հոկտեմբերի  30-ին  Արմավիրի  մարզի  Երևան-Էջմիածին  ճանապարհին  անցկացնել  «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ»  սիրողական  կրոսավազքի մրցաշար, որի   աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:



Կրոսավազքը կանցկացվի 3 տարիքային խմբերի համար`



1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան (2004- 2006 թթ. ծնված) դպրոցականներ (աղջիկներ և տղաներ) - 3 կմ,



2-րդ տարիքային խումբ՝ 18-35 տարեկան (1986-2003 թթ. ծնված) կանայք, 18-40 տարեկան (1981-2003 թթ. ծնված) տղամարդիկ - 10 կմ,



3-րդ տարիքային խումբ՝ 36 (1985 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1980 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ - 10 կմ:



Առաջին խմբի մրցումը կմեկնարկի ժամը 13:00-ին Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակա տարածքից, իսկ երկրորդ և երրորդ խմբերինը՝ նույն ժամին, Փարաքարի համայնքապետարանի հարակից տարածքից: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երեք ժամ առաջ` անձը հաստատող փաստաթղթով:



Մասնակցության հայտ



Մասնակցության համար հայտը՝ համաձայն կցված ձևի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճեններն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2021 թվականի հոկտեմբերի 26-ը ներառյալ (էլ. հասցե՝ [email protected])։ Հարցերի դեպքում զանգահարել (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77 հեռախոսահամարներով երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-18:00-ն:



Պարգևատրում



Կրոսավազքի արդյունքները կամփոփվեն մրցումների ավարտից անմիջապես հետո: Առաջին տարիքային խմբի մրցանակակիր տղաները և աղջիկները կստանան համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար` 100 հազար դրամ: Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղեր գրավածների համար` 75 հազարական դրամ, և 11-20-րդ տեղերի համար` 50 հազարական դրամ: Բացի դրանից՝ մրցաշարի 3 տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Դրամական պարգևներ կստանան ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցները: ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են մասնակցել հաշվարկից դուրս և ստանալ հավաստագրեր:



Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, եթե ունեն համապատասխան տեղեկանք առողջության վերաբերյալ:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք