ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում

ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում

«Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ»,-ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ:



Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ մարտահրավերները պահանջում են ակտիվ համագործակցություն ազգային խորհրդարանների եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների միջեւ:



«Եվրոպայի խորհուրդն ազդեցություն ունի ավելի քան 800 միլիոն մարդկանց կյանքերի վրա: Այսօր աշխարհը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած: Մենք ապրում ենք մեծ ձեւափոխումների ժամանակներում, որտեղ ահաբեկչությունը կարող է գերիշխել խաղաղության եւ անվտանգության վրա, եւ երբ արտաքին քաղաքականությունը կարող է ուղեկցվել անհանդուրժողականությամբ»,-ընդգծել է ԱԺ նախագահը:



Խորհրդարանի ղեկավարն առանձնակի կարեւորել է ժողովուրդների՝ խաղաղ եւ անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի լիարժեք իրացումը՝ հավելելով. «Եվրոպական բոլոր քաղաքացիների ապագան հնարավոր է միայն խաղաղ միջավայրում: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար այն ունի հատուկ իմաստ, քանի որ բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում»:



Այդ համատեքստում օրենսդրի ղեկավարն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, համապարփակ եւ երկարատեւ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ալեն Սիմոնյանն անվտանգության հարցերում կարեւորել է հարեւանային քաղաքականության դերակատարությունը:



«Եվրոպայի կայունությունը փոխկապակցված է հարեւանների անվտանգության հետ: Մենք պատրաստ ենք աշխատել միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների հետ, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատմամբ: Մենք կարիք ունենք միասնության, համերաշխության եւ գլոբալ գործընկերության` համընդհանուր խնդիրների լուծման համար»,-նշել է Ալեն Սիմոնյանը: 

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք