211652_close_icon
views-count3730 դիտում article-date 10:34 21-10-2021

Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր Արման Սարգսյանի մատնանշած գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Փայլասարի տարածքում դիրքային փոփոխություն չի եղել՝ հղում անելով ԱԱԾ-ին:

Չնայած լրագրողների պնդումներին, փոխնախարարը հրաժարվել է սահմանային իրավիճակի մասին հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, որ դրանք իրենց մեջ պետական գաղտնիքի տարրեր են պարունակելու:

Այս համատեքստում պաշտպանական գերատեսչության պաշտոնյան հիշեցրել է.

«Զորքերի կահավորվածության, դիրքերի քանակի, հեռավորության և նմանատիպ այլ հարցերը կանոնակարգվում են պետական գաղտնիքի մասին օրենքով, և եթե չեմ սխալվում, 1998թ. կառավարության համապատասխան որոշում կա»:

Ի՞նչ է ստացվում՝ ՀՀ Պաշտպանության փոխնախարարն անուղղակի կերպով Փաշինյանին մեղադրում է պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու մե՞ջ:

Հիշեցնենք, որ 2021-ի մայիսի 5-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր Արման Սարգսյանի մատնանշած գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություններ:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հենց ինքն էր բացահայտ հայտարարել՝ բանակի հետ կապված հրապարակելու է գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություն:

«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել. «2018-2020 թվականների ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ, հավաքովի գետնատնակների թիվը՝ 5.9 անգամ: Բացի այս, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանները 55 անգամ են ավելացել, քառաթև հավաքովի գետնատնակները՝ 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակները՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1.3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1.4 անգամ,- գաղտնազերծել էր նա և անցել զինատեսակների թվաքանակի ներկայացմանը,- Հրաձգային զենքերի և մերձամարտի միջոցների թիվն աճել է 1.8 անգամ, հրետանային միջոցներ՝ 7.3 անգամ, օպտիկական սարքեր և սարքավորումներ՝ 3.5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկայի քանակն աճել է 2.3 անգամ, ինքնաթիռային և «Կոպտեր» տեսակի ԱԹՍ-ներ՝ 6.8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Իսկ 2020 թվականի մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսի շրջանակում հանրայնացրել էր մարտական նոր դիրքերի թիվը:

«Առաջնագծում տեղադրվել են թվով 23 նոր մարտական (կրակային) դիրքեր։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր՝ ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկներ: Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել են 148 մարտական (կրակային) դիրքեր և հենակետ, մշտական ջրով՝ 235, տեղադրվել են արևային էներգիայով սնուցվող 330 վահանակներ: Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով»,- ասել էր նա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր