Երբ չկա «թշնամու կերպարը»․ «Առավոտ»

Երբ չկա «թշնամու կերպարը»․ «Առավոտ» «Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անցած կիրակի ՏԻՄ համամասնական կարգով ընտրություններ տեղի ունեցան 6 համայնքներում՝ Դիլիջան, Տեղ, Տաթեւ, Գյումրի, Գորիս, Մեղրի: Վերջին երեք համայնքներում «Քաղաքացիական պայմանագրին» չհաջողվեց մեծամասնություն ստանալ: Ընդ որում, այդ փաստը որպես «ընդդիմության հաղթանակ» կարելի է բնութագրել միայն Գորիսի դեպքում, որտեղ հաղթած ուժի առաջնորդն ակտիվորեն ներգրավված է քաղաքականության մեջ եւ այժմ գտնվում է անազատության մեջ: Պաշտոնական պատճառն այն է, որ նա հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ խախտումներ է թույլ տվել: Ոչ պաշտոնականն այն է, որ վարչապետի՝ Սյունիք կատարած այցերից մեկի ժամանակ երկրի ղեկավարի հասցեին վիրավորական խոսքեր են հնչել:


Ինչ մնում է Գյումրիին եւ Մեղրիին, ապա հաղթած քաղաքական ուժերին դժվար է ընդդիմադիր համարել: «Բալասանյան դաշինքը» նախորդ իշխանության նոմենկլատուրայի այն մասն է, որը վաղուց լեզու է գտել հեղափոխությունից հետո եկած մարդկանց հետ, եւ, կարծում եմ, այստեղ ոչ մի խնդիր չի լինի «ՔՊ»-ի հետ դաշինք կազմելը եւ քաղաքապետի միասնական թեկնածու ունենալը: Մեղրիում հաղթած «Հանրապետություն» կուսակցությունը նախորդ խորհրդարանական ընտրություններում հանդես է եկել որպես Փաշինյանի դաշնակից՝ կենտրոնանալով նրա հիմնական մրցակից Քոչարյանի կերպարի վրա՝ դրանով իսկ միանալով իշխանության օրակարգին:

Այնուամենայնիվ, մնում է հարցը, թե ինչո՞ւ այդ համայնքներում «Քաղաքացիական պայմանագիրը» չի հաղթել: Իհարկե, իր դերն է խաղում այն, որ ՏԻՄ ընտրություններն ունեն իրենց յուրահատկությունը՝ այստեղ տեղական, հաճախ՝ կլանային շահերն ավելի կարեւոր են, քան քաղաքական հակասությունները: Նշանակություն ունի նաեւ, թե որքան է համայնքի բնակիչների կողմից ճանաչված կուսակցական ցուցակը ղեկավարող քաղաքապետի թեկնածուն:

Բայց կան նաեւ այլ պատճառներ, որոնցից մեկը, կարծում եմ, այն է, որ «ՔՊ»՝ որպես այդպիսին, գոյություն չունի, կա Նիկոլ Փաշինյան եւ նրա շքախումբը, որից ընտրողները ճանաչում են սահմանափակ քանակով մարդկանց: Վարչապետի վարկանիշը, կարծում եմ, բարձր է (պայմանականորեն ասած՝ 54 տոկոս)՝ այն չէր կարող միանգամից իջնել մի քանի ամսում: (Ուրիշ հարց, որ այդ վարկանիշը միշտ բարձր չի լինելու՝ քաղաքական կյանքում ոչինչ հավերժ չէ):

Մյուս պատճառն ավելի հիմնարար է: Ինչպես արդեն առիթ եմ ունեցել նշելու, այս 3 տարում իշխանության հիմնական քարոզչական թեզը կարելի է ձեւակերպել այսպես՝ «մենք լավն ենք, որովհետեւ նախկինները վատն են»: Եթե չկա ատելության, թշնամանքի այս առարկան (որը որոշիչ դեր էր խաղում անցած խորհրդարանական ընտրություններում), ապա ինքնին վերանում է ներկայիս իշխանությանը քվեարկելու անհրաժեշտությունը: Ասենք, Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն չէր կարող Գյումրիի հրապարակ դուրս գալ մուրճով եւ հայտարարել, որ նա ուզում է քաղաքապետ դառնա՝ նախկինների վերադարձը թույլ չտալու համար: Եթե նման բան աներ, ապա, երեւի, մեղմ ասած՝ հեգնական վերաբերմունքի կարժանանար գյումրեցիների կողմից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք