Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. մարդատար «Գազել»-ը Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվել, կա 5 զոհ, 12 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. մարդատար «Գազել»-ը Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվել, կա 5 զոհ, 12 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ «Թալին», մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ։

Օպերատիվ են գործել Աշտարակի և Թալինի հիվանդանոցների բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տարբեր տեղերում։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հերթափոխի պետ Դավիթ Սիմոնյանի գլխավորությամբ։ 

Վիրավորներից մի քանիսին փրկարարներն են քաղաքացիների և բժիշկների օգնությամբ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Թալինի բաժնի պետ Վահան Նասոյանը։ 

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Համբարձում Սարգսյանի գլխավորությամբ՝ պարզելու համար վիրավորների ինքնությունը։

Վթարի մասին ՃՈ-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ։ 

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Ա. Պետրոսյանը, ում որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակի են լինում ավտովթարներ, այդ թվում՝ ողբերգական, իսկ ճանապարհային ոստիկանությունը, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, նաև մարզի դատախազը բազմաթիվ անգամ դիմել են  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որպեսզի նշված հատվածը կահավորեն անհրաժեշտ ցուցանակներով, մինչդեռ ամեն անգամ խոստանում են, որ խնդիրը կլուծեն, սակայն սայլը տեղից չի շարժվում։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2022 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք