Կարեն Գիլոյանն ընդունել է Օլիմպիական չեմպիոններ Ալեքսանդր Կարելինին և Մնացական Իսկանդարյանին

Կարեն Գիլոյանն ընդունել է Օլիմպիական չեմպիոններ Ալեքսանդր Կարելինին և Մնացական Իսկանդարյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Ալեքսանդր Կարելինին, Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ Մնացական Իսկանդարյանին։


Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով այցելության համար և կարևորելով երկու երկրների միջև փոխհամագործակցությունն՝ ուղղված սպորտի զարգացմանը․

«Դուք ինձ համար կուռք եք եղել։ Շնորհակալություն այցելության համար․ մեզ համար մեծ պատիվ է։ Այս տարվա ապրիլին ես Մոսկվայում էի, հանդիպեցի Ռուսաստանի սպորտի փոխնախարար Քսենիա Մաշկովայի հետ, մենք որոշ հարցեր քննարկեցինք համագործակցության վերաբերյալ և պետք է հուշագիր ստորագրեինք, բայց այն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց․հուսով եմ՝ մոտ ապագայում մենք այդ հուշագիրը կստորագրենք։ Դրա նպատակը համատեղ հավաքներ, մարզումներ, սեմինարներ անցկացնելն է, անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի՝ տարբեր մարզաձևերը ներկայացնող մարզիկները համագործակցեն։

Կարծում եմ երկուստեք միմյանց փոխանցելու շատ բաներ ունենք, այնպես որ իդեալական կլինի, եթե մենք ամենօրյա կապի մեջ լինենք, քննարկենք հարցեր՝ հօգուտ մեր պետությունների և սպորտի՝ ընդհանուր առմամբ»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Ալեքսանդր Կարելինը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Կարեն Գիլոյանը նաև խնդրանքով դիմել է լեգենդար ռուս ըմբիշին․

«Կցանկանայի խնդրել ռուսական ֆոնդին մեզ տրամադրել հայ մարզիկների մասնակցությամբ որոշ արխիվային նյութեր։ Ցավոք, մենք մեծ արխիվ չունենք։ Ցանկանում ենք այնպես անել, որ մարդիկ չմոռանան անցյալում մեր անվանի մարզիկների գրանցած հաջողությունները», – ասել է Կարեն Գիլոյանն ու ընդգծել, որ այս հարցով մտադիր են նաև գրություն ուղարկել Ռուսաստանի սպորտի նախարարություն, իսկ Ալեքսանդր Կարելինը խոստացել է անպայման ընթացք տալ այս հարցին։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի լեգենդը, որը Հայաստան է այցելել հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում, երեկ ՝ հոկտեմբերի 18-ին, նաև ճանաչողական այց է կատարել Գյումրի, եղել Գյումրու համայնքապետարանի ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցում և խոստովանում է, որ վերադարձել է հիանալի տպավորություններով:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք