Մահացել է Վանո Սիրադեղյանը. 4rd.am

Մահացել է Վանո Սիրադեղյանը. 4rd.am Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը գուժում են գրողի, հրապարակախոսի, պետական, ազգային, քաղաքական գործչի մահը, որ տեղի է ունեցել նախօրեին:


Այս մասին հայտնում է 4rd.am-ը:

Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի (Շավարշավան) գյուղում։

1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Բանասեր, լրագրող։ Արձակագիր։ «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր (1982թ.)։

1966-1969թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։

1988թ. դեկտեմբերից 1989թ. մայիսը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ։ 1990-1991թթ. աշխատել է ՀՀ անտառտնտեսության վարչության պետ,  1991-1992թթ.՝ ՀՀ նախագահի ներքին քաղաքականության եւ սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997թթ. եղել է ՆԳ նախարար, 1997-1998թթ.՝ Երեւանի քաղաքապետ։

1990-1992թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք)։ ՀՀՇ խմբակցության անդամ։

1997-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 73 ընտրատարածք) «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 75 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 

Վանո Սիրադեղյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝

«Կիրակի», (Երևան, 1983)
«Շատ չհամարվի» (Երևան 1993)
«Ծանր լույս»
«Երկիր։Ցպահանջ»
«Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
«Գյադաների Ժամանակը»

Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը Վանո Սիրադեղյանի մասին ասել է.

«Արձակի երկիր էր մտել մի տղա, որ, իր բոլոր ու բոլոր նախորդներից ավելի ճշգրիտ՝ ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ, որպես թե խոսքը որձաքարին է անցնելու՝ ժլատ ու ընտրող էր, վրիպած բառ չուներ, նրա բառն ու առարկան իրարու նույն պահին էին գտնում, հպանցիկը, ակնթարթայինը, անորսալին, անանունը հայտնվում էին նրա բառը արդեն գտած, արդեն կերպար ու պատկեր դարձած ու անուն առած… Եվ հրճվանք էին պարզում այդ պատկերներն ու կերպարները – ուրախացնում էին իրենց արդեն իսկ կենդանությամբ ու բազմությամբ, ուրախացնում էր նրանց տերը՝ բազում կոչվածների մեջ եզակիի իր ընտրյալությամբ։ Սա ճիշտ գրող էր և սա ճշմարիտ արձակ էր։ Մերձակա ամբողջ ամայության պատճառը մոտավորությունն էր, իսկ սա երկարակեցության էր կոչված։ Բայց որովհետև Ակսելն ու Մուշեղը գրիչները վար էին դրել անժամանակ, իսկ Մնձուրու երկար կյանքից գրականության էր տրվել մի կարճ ժամանակ միայն և մի կարճ պահի մեջ սպառումը ճակատագիր էր թվում – այս մեկի՞ն ինչ էր պատահելու»։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք