«Եկել եմ մեր հողերը պահելու». լրագրողների խումբը այցելեց Հայաստանի արևելյան սահմանը պաշտպանող մարտական դիրքեր. Armenpress

«Եկել եմ մեր հողերը պահելու». լրագրողների խումբը այցելեց Հայաստանի արևելյան սահմանը պաշտպանող մարտական դիրքեր. Armenpress

Ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա ենք։ Թիկունքում լեռների մեջ թաքնված Սևանա լճի սքանչելի տեսարանն է, առջևում՝ մի ուրիշ բարձունքի վրա՝ հակառակորդի հենակետն է, իսկ դեպի հյուսիս-արևելք` սարերի հետևում, երբեմնի հայկական Արծվաշենը, որ հայաթափվել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին:



Դեպի լեռները տանող ճանապարհին բացվող ահասարսուռ, բայց նաև շատ տպավորիչ տեսարանները ճարպիկ ձեռներեցի ուղեղում գուցե էքստրեմալ արշավների բիզնես բացելու միտք առաջացնեն, բայց տեղանքին անծանոթ այցելուի համար կողմնորոշվելը շատ դժվար է՝ որտե՞ղ է այստեղ ավարտվում Հայաստանը և որտե՞ղ է սկսվում հարևան՝ ոչ այնքան բարեկամական երկիրը: Այցելությունը առանց զինվորականների ուղեկցության խորհուրդ չի տրվում: Գլխավոր կողմնորոշիչներն այս տեղանքում սարերի գլխին տեղակայված մարտական հենակետերն են և անվտանգության նկատառումներով անցկացված փշալարերը:



Դրության տերն այստեղ հեռվից անօդաչու սարքերի նմանվող, սաստիկ քամուն դիմակայող արծիվներն են: Եվ, իհարկե, հայոց լեռներն ու Հայրենիքի սահմանները հսկող հայկական բանակի արծիվները:



Հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների խմբով այցելել էինք Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանները պաշտպանող մարտական դիրքեր, որտեղ մարտական ծառայություն են իրականացնում օգոստոսի 25-ին մեկնարկած ՊՆ եռամսյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինները` տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր քաղաքացիներ: Նրանցից շատերն, ի դեպ, կամավոր են ներկայացել հավաքներին։ Տեսական և գործնական պարապմունքներից հետո պահեստազորայինների այս խումբը բարձրացել է առաջնագիծ՝ Գեղարքունիքի մարզի սահմանին գտնվող տվյալ մարտական հենակետում սահմանի պահպանություն իրականացնելու համար:



Պահեստազորային Արմեն Հովսեփյանը նրանցից մեկն է։ 25 տարեկան է: Բագրատաշենից է: Աշխատում է շինարարության ոլորտում՝ որպես բանվոր: Իսկական օրինակելի կերպար է մեր այս պատմության համար: Ժամանակին ոչ միայն ծառայել է որպես ժամկետային զինծառայող, այլև մասնակցել 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմին և 2020-ի քառասունչորսօրյա լայնածավալ պատերազմին: «Ո՞նց եղավ, որ կանչեցին եռամսյա հավաքներին» հարցին ի պատասխան հստակեցնում է՝ «ես կամավո՛ր եմ եկել»: Արմենի խոսքում հայրենասիրական պաթոսի նշույլ անգամ չկա: Իր քայլը բացատրում է շատ պրակտիկ պատճառաբանությամբ՝ իրեն հաճույք է պատճառում «տղերքի կողքին» լինելը: Ոչինչ, որ այդ էքստրեմալ հաճույքը ստանում է ոչ թե Օպերայի հարակից սրճարաններից մեկում կամ Սարյանի գինետներում՝ վայելելով երևանյան երեկոների մեղմիկ զեփյուռը, այլ սարի գլխին՝ 3000 մ բարձրության վրա: Թշնամու ուղիղ նշանառության տակ: Անտրտունջ: Անվախ: Սաստիկ քամուն դիմակայելով: Օդում ճախրող արծիվների պես: Ոչինչ, որ ձեռքերը վաղուց ճաքել են ցրտից:





Դիրքեր բարձրանալու պատճառը ռեգիոնալ քաղաքական իրավիճակի սթափ գնահատականն է:



«Եկել եմ մեր հողերը պահելու, որ նորից չգան վերցնեն, մեզ ոչնչացնեն, մեզ երկրից դուրս հանեն», - «Արմենպրես»-ին հայտնեց պահեստազորայինը՝ հավելելով. «Ինձ հաճույք է տալիս, որ բարձրանամ դիրքեր, տղեքի մոտ լինեմ»



Հակառակորդից էլ Արմենը չի վախենում: Դրան օգնում է ոչ միայն իր մարտական ոգին, այլ մարտական փորձով յուրացված ռազմական գիտելիքները:



Երբ ցույց տվեցինք դիմացի սարի գլխին գտնվող ադրբեջանական հենակետը՝ թե «էնտեղից մեզ չե՞ն կարող խփել», բացատրեց, որ հեռավորությունը բավական մեծ է, բացի այդ՝ միջդիրքային տարածությունում ընկած անդունդն է խանգարում: Ձորի օդը, նրա խոսքով, «քաշում է» ներքևից ու թույլ չի տալիս դիպուկ կրակոց արձակել: Դրա համար էլ հանգիստ է: Բայց նաև՝ զգոն: Զենքը՝ ձեռքին:


Մանրամասները՝ Armenpress.am-ում

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք