211652_close_icon
views-count901 դիտում article-date 22:30 15-10-2021

ԵՊԲՀ-ն հետաքրքրված է բժշկական ոլորտում հայ-չեխական համագործակցությամբ

Բժշկական համալսարանի ղեկավարությունն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետության բժշկական և դեղագիտական ոլորտների ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտի արդիականացման և բժշկական համակարգը նոր սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ հայ- չեխական գործակցության հեռանկարները:

ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը Չեխիայից ժամանած մասնագետներին տեղեկացրեց, որ բժշկական բուհը ներկայանում է, ինչպես կրթական և գիտական աշխատանքներով, այնպես էլ իր կազմում ընդգրկող երեք համալսարանական հիվանդանոցով, որոնք աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով:

Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտորը մանրամասն անդրադարձավ «Հերացի» թիվ 1 և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցների, երեխաների բուժսպասարկումն ապահովող «Մուրացան» մանկական համալիրի հագեցվածության, մատուցվող ծառայություններին վերաբերող հարցերին: Նշվեց նաև «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ի մասին, որտեղ բուժվում են պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորները:

Պրոռեկտոր Արմեն Մինասյանը շեշտեց, որ կարևորում է համագործակցության հնարավորությունները բժշկական ոլորտում հայտնի չեխական ընկերությունների հետ: «Մենք պարբերաբար արդիականացնում ենք հիվանդանոցների բժշկական սարքավորումները, և գնումների գործընթացը կազմակերպում ենք տենդերի միջոցով»,-ասաց պրոռեկտորը՝ ընդծելով, որ հետաքրքրվածությունը մեծ է, քանի որ Չեխիան ասոցացվում է եվրոպական բարձր չափանիշների հետ, և չեխական բժշկական արտադրանքը Հայաստանում ներկայացված լինելու դեպքում կարող է մեծ պահանջարկ ունենալ համալսարանական հիվանդանոցների նյութատեխնիկական ապահովման գործընթացում: Չեխական կազմակերպությունների ներկայացուցիչները մանրամասն ներկայացրին իրենց կողմից առաջարկվող ծառայությունները՝ ընդգծելով, որ միջկառավարական աշխատանքներ են տարվում համագործակցության հնարավորությունները տարբեր ոլորտներում՝ այդ թվում բժշկական, ընդլայնելու ուղղությամբ:

Չեխիայից ժամանած պատվիրակությունը ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի և միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, ծանոթացավ կառույցի գործունեությանը, նյութատեխնիկական հագեցվածությանը:

Նմանատիպ նյութեր