211652_close_icon
views-count5679 դիտում article-date 10:37 15-10-2021

Կորոնավիրուսի ծագումն ու տարածումը դժվար է կապել «նախկինների» հետ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանում կորոնավիրուսից շաբաթը մոտ 200 մարդ է մահանում: Հիմնական պատճառը պարզ է. պատվաստվածների ցածր տոկոսը՝ ամենացածրը մեր տարածաշրջանում: Անվիճելի է, որ պետությունը պետք է ավելի ակտիվ ջանքեր գործադրի այդ (եթե մեղմ բառ օգտագործենք) խիստ մտահոգիչ վիճակի զարգացումը կանխելու համար: Սա այն դեպքն է, երբ ընդհանուր շահն ավելի բարձր է, քան անհատական ազատությունը: Բայց դրա մասին ես կգրեմ հաջորդ վերլուծության մեջ:

Իսկ հիմա ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել մի հանգամանքի վրա, որն առաջին հայացքից զարմանալի է թվում՝ Հայաստանի բնակչությունն այս հարցում չի հավատում իշխանություններին:

Մեր քաղաքացիների վստահությունը կառավարության եւ անձնապես վարչապետի հանդեպ արտահայտվում է բացառապես «նախկինների» համատեքստում: Այստեղ գործում է հոգեբանության մեջ հայտնի ճոճանակի սկզբունքը՝ Փաշինյանը լավն է, որովհետեւ «նախկինները» վատն էին՝ դատողություն, որը ֆորմալ տրամաբանության տեսանկյունից մեկնության չի ենթարկվում: Այդ «ճոճանակային» տրամաբանության մեջ վարչապետի՝ որպես առանձին միավորի, մասին կարծիքն այնքան բարձր չէ. պատերազմում պարտվեցինք, որովհետեւ նախկիններին ծառայող եւ թալանչի գեներալները «խեղճ Նիկոլին» խաբեցին, ամեն ինչ թանկացել է, բայց Փաշինյանն ի՞նչ կապ ունի՝ Քոչարյանն ու Սարգսյանն են մեղավոր: Այսինքն՝ այդ տրամաբանության շրջանակներում Փաշինյանն այնքան էլ խոշոր քաղաքական գործիչ չէ՝ նա «լավն է» միայն «նախկինների» համեմատությամբ:

Բայց քանի որ կորոնավիրուսի ծագումն ու տարածումը դժվար է կապել «նախկինների» հետ, այդ հարցում վարչապետի հեղինակությունը չի աշխատում: Սակայն հենց այստեղ ես մեծ ցանկություն ունեմ հարցնելու. «Սիրելի համաքաղաքացիներ, եթե դուք այդքան վստահում եք Փաշինյանին, եթե նրա ասածները ձեզ համար համարյա աստվածաշնչյան ճշմարտություններ են, ապա ի՞նչն է պատճառը, որ դուք չեք ուզում նրան լսել, երբ նա կոչ է անում պատվաստվել: Ոչ միայն բանի տեղ չեք դնում վարչապետի եւ մյուս պաշտոնյաների ասածները, այլ հակառակը՝ հավատում եք հակապատվաստումային քարոզիչներին, որոնց փաստարկները հաճախ անհեթեթ են»: 

Այդ իրավիճակը համընդհանուր օրինաչափության արտացոլումն է: Երբ առաջնորդներն ասում են՝ «մերժենք սրան, տապալենք նրան, անիծենք էն մյուսին», մարդիկ ուրախանում են, հրճվում են, «դմփ-դմփ-հու» են անում: Բայց երբ նույն իշխանությունն ասում է, օրինակ՝ ծխախոտի մնացորդները մի՛ գցեք մայթին, ամբողջ խանդավառությունը կորում է եւ այդ հարցերում իշխանության նկատմամբ խորը անվստահություն է առաջանում: Ով երեխաներ կամ թոռներ ունի, կհաստատի. շատ հեշտ է երեխայի ձեռքը մուրճ տալ եւ ասել՝ ջարդիր այս խաղալիքը: Իսկ որպեսզի սովորեցնես նրան խորանարդներից աշտարակ սարքել՝ դրա համար համբերություն է պետք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր