Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային համակարգ ներդնող գյուղացին կազատվի ոռոգման ջրի վարձավճարներից

Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային համակարգ ներդնող գյուղացին կազատվի ոռոգման ջրի վարձավճարներից Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը:


Զեկուզող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, հողօգտագործողների եկամուտների աճի ավելացման անհրաժեշտությամբ։

«Հայաստանում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը ավել է նորմատիվայինից 2-3 անգամ։ Որոշման նախագծի ընդունումը թույլ կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր կաթիլային անձրևացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով»,- ասաց Գնել Սանոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սա իրենց նախընտրական խոստումներից է, երբ ասում էին, որ մինչև 3 հա մշակվող հողատարածքների պարագայում կփոխհատուցեն քաղաքացիների օգտագործած ոռոգման ջրի ամբողջ գումարը առաջիկա 5 տարում, եթե նրանք անցնեն կաթիլային ոռոգման։

«Մենք ունենք նաև պետական ծրագիր՝ կաթիլային ոռոգում անցկացնելու գործընթացին աջակցող։ Մենք այդ նպատակով վերցված վարկերի տոկոսները սուբսիդավորում ենք՝ տոկոսները հասցնելով 0%-ի։ Մարդիկ հիմա հնարավորություն ունեն մինչև ոռոգման հաջորդ սեզոնի մեկնարկը կաթիլային ոռոգում կամ անձրևացման համակարգ և 2022թ․ ոռոգման սեզոնի մեկնարկից մինչև 2027թ․ ոչ մի դրամ չվճարել ոռոգման ջրի համար»,- ասաց Փաշինյանը։

Կառավարությունն այս որոշումն ընդունեց միաձայն։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք