211652_close_icon
views-count1895 դիտում article-date 10:49 14-10-2021

Հայաստանի՝ փաստացի չափազանց կախյալ վիճակը Մոսկվային միանգամայն ձեռնտու է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Փաշինյանի վերջին այցը Ռուսաստան, իմ կարծիքով, ցույց տվեց, որ Ռուսաստանի նախագահը վստահում է Հայաստանի վարչապետին: Ընդդիմադիր հայացքներ ունեցողներից «ռուսամետները» գուցե ասեն, որ դա այդպես չէ, իսկ «արեւմտամետները» թերեւս ինձ հետ կհամաձայնեն, բայց կպնդեն, որ դա շատ վատ է: Իմ մոտեցումն այլ է. ինչպիսին էլ լինի Հայաստանի ղեկավարը, Ռուսաստանի մշտական եւ (հիմա արդեն պարզ է) ցմահ առաջնորդի վստահությունը կարեւոր է, եւ եթե Ռուսաստանը ցանկանա գահընկեց անել մեր երկրի վարչապետին, ինչի մասին երազում են մեր ընդդիմադիրներից ոմանք, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա:

Ուրիշ հարց, թե ինչու է Պուտինը Փաշինյանին վստահում: Այդ հարցի պատասխանն էլ պարզ է. Կրեմլին պետք է պարտված, պետություն ղեկավարելու ոչ մի շնորհք չունեցող, բայց, մյուս կողմից, երկրի ներսում մեծամասնության վստահությունը վայելող ղեկավար: Ըստ երեւույթին, դա իդեալական տարբերակ է Մոսկվայի համար: Պատերազմում պարտվելուց հետո Հայաստանի ինքնուրույնությունը (քաղաքագետներն ասում են՝ «սուբյեկտայնությունը») հավասարվել է գրեթե զրոյի, մենք ի վիճակի չենք ապահովել Արցախում դեռեւս մնացած մեր հայրենակիցների, ինչպես նաեւ Հայաստանի սահմանների անվտանգությունը՝ այդ հարցերում ապավինում ենք բացառապես Ռուսաստանին: Այդ պայմաններում Մոսկվային պետք է հենց Փաշինյանի նման ղեկավար:

Բնականաբար, մեզ՝ հայաստանցիներիս, հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հուզում է երկու հարց (եթե ենթադրենք, որ դեռեւս ինչ-որ բան հուզում է): Առաջին հարցն այն է՝ կարո՞ղ է կամ ցանկանո՞ւմ է արդյոք Ռուսաստանը պարտադրել Հայաստանին եւ Ադրբեջանին ինչ-որ լուծում: Իմ տպավորությամբ՝ ոչ, Մոսկվան այս հարցում, համենայնդեպս, չի շտապի եւ կողմերին էլ չի շտապեցնի: Դրա գլխավոր պատճառն այն է, որ այդ գործընթացը, այսպես ասած, սինքրոնացված է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական առեւտրի (եւ թաքնված մրցակցության) հետ: Հայաստանը կարող է լինել ավելի մեծ գործարքի մասը՝ որտեղ հաշվի են առնվում երկու երկրների՝ ՌԴ-ի եւ Թուրքիայի շահերը Մերձավոր Արեւելքում, աշխարհի այլ տարածաշրջաններում, ինչպես նաեւ էներգետիկ, տնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը: Հայաստանն այդ մեծ գործարքում ո՛չ առաջին կետում է, ոչ էլ երկրորդում, բայց կարեւոր կետերից մեկն է:

Երկրորդ հարցը, որը բացառված չէ, շատերին հետաքրքրում է, հետեւյալն է. արդյո՞ք Հայաստանը կմտնի «Ռուսաստան-Բելառուս» կամ որեւէ այլ նմանատիպ դաշինքի մեջ: Դարձյալ կարծում եմ, որ մոտ ապագայում դա տեղի չի ունենա: Ռուսաստանն այս պահին առանձնապես շարժառիթ չունի մեր հարաբերությունները «ֆորմալացնելու». ինձ թվում է, որ Հայաստանի՝ փաստացի չափազանց կախյալ վիճակը Մոսկվային միանգամայն ձեռնտու է: Իսկ այն, որ մենք ՄԱԿ-ում դրոշ ունենք, եւ նահանգապետը կոչվում է «վարչապետ»՝ դա Ռուսաստանին բոլորովին չի խանգարում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր