211652_close_icon
views-count895 դիտում article-date 10:13 14-10-2021

Հայկական օրակարգը պետք է հստակ ներկայացվի միջազգային գործընկերներին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսման, այդ հարթակում կառուցողական եւ հայանպաստ օրակարգի շուրջ բանակցման եւ Ադրբեջանի ագրեսիվ, հայատյաց քաղաքականության շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ։

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցային գործընթացը շարունակելու հանգամանքը իսկապես կարեւոր է եւ բխում է մեր նպատակներից ու շահերից։ Սակայն առաջնային կարեւորություն ունի այն, որ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ, որի վերաբերյալ շարունակ շեշտադրումներ են արվում, Մինսկի խումբը շարունակի ունենալ արցախյան հակամարտությունը համապարփակ եւ կայուն լուծման տանելու, բանակցային գործընթացն ուղղորդելու հնարավորություն եւ մանդատ։ Այդ մանդատի հիմքում պետք է լինի նաեւ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը։ Հայկական կողմը հստակ պետք է դնի իր նպատակները, որոնցից մեկը, զրուցակցիս դիտարկմամբ, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի եւ նախկին ԼՂԻՄ տարածքի վերականգնման խնդիրն է։ Ուստի կարծում է, որ բացի հումանիտար խնդիրներից Մինսկի խումբը պետք է ունենա նաեւ քաղաքական խնդիրներն ուղղորդելու եւ բանակցային գործընթացն այդ ճանապարհով տանելու մանդատ։ «Սա է մեզ համար կարեւոր եւ առաջնահերթ։ Հետաքրքրական է, որ ձեւաչափերի վերաբերյալ բազմաթիվ այլ առաջարկներ են արվում, եւ, ըստ էության, Ադրբեջանը չի մերժում բանակցային գործընթացի այլ ձեւաչափը, միեւնույն ժամանակ որեւէ առարկայական խոսակցություն չի տանում, այլ ընդակառակը՝ մանեւրում է այդ գործընթացների միջեւ»,- ասաց ադրբեջանագետը։

Անդրադառնալով ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոնի հայտարարությանը, թե՝ Ֆրանսիան Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ աշխատում է Արցախի վերաբերյալ «տեւական համաձայնագրի կնքման ուղղությամբ», Հայրապետյանը շեշտեց, որ նրա խոսքը տեղավորվում է Մինսկի խմբի քաղաքական լուծումներ փնտրելու մանդատ ունենալու տրամաբանության մեջ, միաժամանակ շեշտադրվում է, որ նպատակը ի վերջո, համապարփակ լուծման հասնելն է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ միասին։

«Սա առնվազն Ֆրանսիայի կողմից նշան է, որ Մինսկի խումբը դիտարկում են ոչ թե զուտ հումանիտար խնդիրներ լուծելու հարթակ, այլ հենց քաղաքական գործընթացներ ուղղորդելու մանդատ ունեցող ձեւաչափ։ Դրանով ցույց է տրվում, որ վերջերս Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից արված հայտարարությունը, թե պետք է փոխվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ձեւաչափը, ընդունելի չէ, եւ հենց Մինսկի խմբի ձեւաչափն են դիտարկում որպես ընդունելի հարթակ։ Սա բխում է հայկական կողմի շահերից եւ հետապնդած նպատակներից, ուղղակի մեր օրակարգային հարցերը պետք է հստակ դրվեն այս հարթակում»,- հավելեց զրուցակիցս»։ 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր