211652_close_icon
views-count50265 դիտում article-date 18:02 13-10-2021

Քեզ բացակա չենք դնի. 18-ամյա լեգենդ դարձած հերոս, դու Սասնա Դավթի նման էիր առաջնորդվում ու այդ սկզբունքով էլ հայրենիքին նվիրաբերեցիր ծնողներիդ համար ամենաթանկը՝ քո կյանքը. հերոսի շենքի բակում բացվեց հուշարձան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևան քաղաքի Սեբաստիա 141 շենքի բակում հպարտության  ու մեծարման երեկո էր:

Շենքի բակում տեղի ունեցավ այդ բակում ծնված և այնտեղից զինվորական ծառայության մեկնած Դավիթ Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշաքարի բացումը իրականացրեցին հերոսի հայրը՝ Արմեն Հակոբյանը և նրա մանկության ընկերը՝ Արթուրը, որից հետո Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Զաքարի կողմից օծվեց այն, ապա  հնչեցվեց Տերունական աղոթք:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ոչ միայն Դավիթի, այլև  Արցախյան 44-օրյա պատերազմում  նահատակված ու լեգենդ դարձած բոլոր հերոսների հիշատակը:

Միջոցառման  ժամանակ  հանդես եկան Երևանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 միջնակարգ դպրոցի սաները: Այդ դպորցում է սովորել նաև հերոս Դավիթը:
 
Միջոցառմանը, որին ներկա էին Դավիթի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հարևանները, պատերազմում նահատակված մի քանի լեգենդ դարձած հերոսների ծնողներ, ծաղիկներ խոնարհեցին,  ապա մեկնեցին  «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և հերոսի շիրիմին ծաղիկներ խոնարհելու և խնկարկում կատարելու:

Դավիթ Արմենի Հակոբյանը ծնվել է 2002 թ. հունիսի 9-ին Երևանում։

 2008-2016թթ հաճախել է Վ. Զատիկյանի անվան հիմնական դպրոց,  այնուհետև համար 190 ավագ դպրոց։ Միշտ աչքի է ընկել իր բացառիկ ընդունակություններով, բայց , ինչպես և ընդունակ աշակերտների մեծ մասը, սովորելու հանդեպ առանձնապես լուրջ սեր երբեք չի ցուցաբերել։ Նույնիսկ հարազատները մի միջադեպ են հիշում, երբ ամբողջ տարին աշխարհագրության դասերը   չսովորելուց հետո, ուսուցչուհին հրաժարվել էր տարեվերջյան քառորդը փակել, ասելով, թե ողջ տարվա ծրագիրը պետք է հանձնի, ինքն էլ ընդամենը 45 րոպեում արագ սովորում է ու հանձնում:

 Դպրոցական առարկաներից թերևս  ամենասիրելիներն էին մաթեմատիկան, ռուսաց լեզուն և պատմությունը։ Պատմությունից անգամ մասնակցել է օլիմպիադայի և հաղթել։  Դեռ պատանեկան տարիքից մտածում էր սեփական բիզնեսն ունենալու և ինչու չէ, օրերից մի օր Ֆորբսի ցանկում հայտնվելու մասին։ Փորձում էր մասնակցել բոլոր այն ծրագրերին, որոնք ինչ որ չափով կարող էին մոտեցնել իր երազանքին կամ թեկուզ ուղղություն ցույց տալ։ Դրանցից մեկն էլ Սևան սթարթափն էր, որին մասնակցելուց հետո վերադարձել էր չափազանց մոտիվացված ապագա ծրագրերի հարցով։

Միշտ փորձել է սեփական ծախսերի գումարն ինքնուրույն հայթայթել, գտնում էր, որ տղամարդը պետք է ծնողներին նեղություն չտա: Ընկերների հետ բազմաթիվ գործեր էին ձեռնարկում։  Օրինակ քյաբաբի ֆարշ էին պատրաստում և առաքում սննդի կետերին ու ռեստորաններին։ Եվ զարմանալի չէր նման ճարպկությունը, քանի որ դեռ 4 տարեկանում գաղտնի տանից փախել էր ու  գնացել  տատիկի տուն, որը մոտավոր 4 կանգառ հեռու էր տանից:

Հաստատ կհասներ իր նպատակներին, բայց ավաղ.... Առհասարակ շատ էր սիրում խոհանոց, հետևում էր համաշխարհային մեծության խոհարարների յութուբյան ալիքներին և երբեմն հարազատներին հաճելի անակնկալներ էր մատուցում որևէ խոհարարական գլուխգործոցի տեսքով։ Համեղ խոհանոցը,  գեղեցիկ կանայք և լավ երաժշտությունը յուրահատուկ ոգեշնչման աղբյուր են եղել իր համար։ Միշտ ասում էր մարդ պետք է գեղեցիկ ապրի, ինչ էլ անում ես պետք է էնպես անես , որ նախ քեզ հիացմունք պատճառի։ Իր կազմած փլեյլիստերը որպես կանոն ամենաշատ շրջանառվողն էին ծանոթների շրջանում և բոլոր տոնակատարությունների հիմնական մասը։

 Շատ էր սիրում սպորտով զբաղվել։ Մանկությունից  սկսած անընդհատ տարբեր սպորտաձևերով է զբաղվել` ֆուտբոլ , ըմբշամարտ, կարատե , պարգևատրվել է տարբեր մեդալներով , հաճախում էր սպորտային ակումբ տարբեր ուժային վարժություններով իր ուզած մարմինը ստանալու համար։ Այնքան էր ուսումնասիրել այդ ոլորտը , որ կարողանում էր ուրիշներին խորհուրդներ տալ առողջ սննդի և ճիշտ մարզումների մասին։ Կես կատակ , կես լուրջ ասում էր՝ արդեն կարող եմ մարզիչ աշխատել։ Դե ինքն էլ գեղեցիկ, ամրակազմ, սլացիկ երիտասարդ էր, ով շատ մեծ ուշադրություն էր դարձնում իր ֆիզիկական տեսքին:

Բնավորությամբ շատ տաքարյուն էր, շատ ընկերասեր  ու հաճախ էր տարբեր կռիվների մեջ հայտնվում, երբեմն էլ նույնիսկ բավական վտանգավոր կյանքի համար, ու շատ հաճախ էնպիսի մարդկանց համար, ում նույնիսկ լավ չէր էլ ճանաչում։ Եթե գալիս կանչում էին, էլ հարցեր չէր տալիս,  թե ում կամ ինչի համար է, կար օգնության կարիք միանգամից գնում էր, առանց ծանրութեթև անելու։ Այդ իսկ պատճառով էլ, հերթական  անգամ բավական վտանգավոր իրավիճակից բարեհաջող դուրս գալուց հետո  ընկերներին ասել էր, որ եթե մարդուն սահմանված է վաղաժամ մահ, ապա միայն հերոսի մահով պետք է մեռնել։  

Ընկերական շրջապատը շատ մեծ էր , ինքն էլ շատ սիրված ու հարգված բոլորի կողմից։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Մոսկվա ու չնայած ստեղծած մեծ շրջապատին միևնույն է կարճ ժամանակ հետո հետ է վերադառնում է հարազատ երկրի կարոտից դրդված։ Մի տեսակ չէր հարմարվում նոր միջավայրին,  սիրում էր, որ հայ ընտանիքները ապրեն հայեցի , իսկ Մոսկվայում դա իրեն այնքան էլ իրատեսական չէր թվում։ Հակառակ ծնողների ու ընկերների համոզիչ խոսքերին , որոշեց, որ պետք է հետ վերադառնա և մեկնի ծառայության ինչպես իր բոլոր հասակակից ընկերները, և քանզի  դեռ մանկուց աչքի էր ընկնում իր չափազանց աշխույժ ու ինքնասածի բնավորությամբ, բնականաբար, ոչ ոք չկարողացավ համոզել։  

Վերադառնալուց հետո ինքնակամ ներկայացավ զինվորական կոմիսարիատ, թեպետ իրեն ոչ ոք չէր կանչել, ասել էին արդեն ուշ է,  թող մնա հունվարին կգնաս, պնդել էր, որ անեն հնարավոր ամեն բան, իսկ ինքն էլ կբերի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Արդյունքում զորակոչվեց հուլիսի 21-ին։

Ընդամենը 2 ամսվա ծառայող էր, որ պատերազմը սկսվեց։ Քովիդի համաճարակի պատճառով ցավոք հարազատները հնարավորություն չունեցան մասնակցելու երդման արարողությանը, ճանապարհները փակ էին, իսկ երբ բացվեցին, նրանց տարել էին հետախույզների ջոկատ, և պետք է վերադառնային ամսի 30-ին, ինչից հետո հնարավոր կլիներ գոնե հանդիպել։ Սակայն սեպտեմբերի 27-ը խախտեց բոլոր ծրագրերը։

Հարազատները նրան զինվորական համազգեստով միայն նկարներով են տեսել։  Երբ հնարավորություն էր ունենում զանգելու, ասում էր, թե իբր նորակոչիկներին ապահով տեղում են պահում, որ մայրը չանհանգստանա, էն էլ ինչպես հետո պատմեցին ողջ մնացած ծառայակից ընկերները, ոչ մի ապահով տեղ էլ չի եղել, թեժ մարտեր են մղել, դիրքեր գրավել  նույնիսկ ամեն փաստաթղթերով  որտեղ նշված են եղել հակառակորդի անուն ազգանուններն ու պիստերը։

Դավաճանները, ցավոք, շատ շատ են եղել։ Աստված իրենց դատավոր։  Վերջին անգամ մոր հետ խոսել է հոկտեմբերի 11-ին։ Մայրն ասել է, որ աղոթում է իր համար, և Աստծո պահպանությունն է խնդրում, ինքն էլ պատասխանել է, որ Աստված է իրենց պահում, իսկ ով էլ զոհվում է, ուրեմն իր ժամանակն էսքան էր։

Զոհվել է հոկտեմբերի 13-ին աթս -ի հարվածից:  Դավիթը բոլորի սրտերում կմնա որպես մի լուսավոր, միշտ ժպիտը դեմքին , կյանքին խենթի պես սիրահարված , բարի մի երիտասարդ։ Մի անգամ ընկերուհուն ասել էր, որ զգում է, որ ինքը երկար չի ապրելու, որ իր ապագան չի տեսնում ու որ իր շիրիմին միշտ կարմիր վարդեր դնեն։

Մոր հետ խոսելիս էլ ասել էր, որ գիտեր, որ երբ գնա բանակ, պատերազմ է սկսվելու։  Լինելով չափազանց հասուն մտքի տեր, միշտ եղել է իր մոր համար լավագույն ընկերն ու ամենասրտամոտ զրուցակիցը։ Ու պետք է մի հետաքրքիր փաստ արձանագրել, որ ինքը իր մահից հետո էլ որոշեց մորը մենակ չթողնի ու իր մահով նրան նվիրեց մի նոր ընկերախումբ, որոնք բոլորն էլ իր նման զոհված զինվորի մայրեր են, սիրտները ցավացած, բայց անկոտրում կամքի ու հոգու տեր մարդիկ, ովքեր չարանալու փոխարեն ընտրեցին  միասնական լինել և մեկը մյուսին ուժ տալով հաղթահարել այս ահռելի ցավը:

Մենք խոնարհվում ենք մեր հերոսների և նրանց ծնող հերոս մայրերի առաջ։  Հավատում ենք , որ հիմա իրենք իրենց փառապանծ տեղն ունեն երկնային արքայության մեջ և այս հույսն է, որ մեզ մխիթարում է։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 245+
245+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր