ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը եւ նշել, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելու մի շարք խնդիրների արդյունավետ եւ արագ լուծմանը: Թիերի Ռիբոն ԱԺ նախագահին ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության հիմնական նպատակները եւ ուղղությունները, մանրամասնել իր ղեկավարած կառույցի առաքելությունն Արցախյան հակամարտության առնչությամբ՝ հատկապես վերջին տարվա ընթացքում: Կողմերը քննարկել են Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց ու անհետ կորածներին առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել նաեւ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին: Թիերի Ռիբոն նշել է, որ կառույցի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են զոհվածների, անհետ կորածների եւ ազատազրկված անձանց ընտանիքների հետ, պարբերական այցերի միջոցով հետեւում Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների պահման պայմաններին: Այդ աշխատանքի նպատակներից է նաեւ կանխել գերեվարվածների անհետացումը եւ օգնել նրանց պահել կապը հարազատների հետ:

Տեղեկացնենք, որ ԿԽՄԿ-ն իրականացնում է բացառապես մարդասիրական եւ ապաքաղաքական գործունեություն հակամարտության առնչությամբ` աշխատելով տարածաշրջանում 1992 թվականից Երեւանում, Բաքվում ու Լեռնային Ղարաբաղում իր գրասենյակների միջոցով:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք