211652_close_icon
views-count1874 դիտում article-date 18:32 12-10-2021

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: ՀՀ ԱԺ նախագահը փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` վստահեցնելով, որ Ազգային ժողովը շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը:

Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանցքային նշանակությունը երկկողմ կապերի զարգացման գործում` ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ հարաբերությունների խորացմանը նոր ազդակ կհաղորդի առաջիկայում ձեւավորվելիք Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խումբը:

Մոհամմեդ Հաջ Իբրահիմը եւս անդրադարձել է խորհրդարանական հարաբերություններն առավել խորացնելուն ուղղված քայլերի իրականացմանը: Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ կարեւորվել է փոխայցերն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Դեսպանը փաստել է, որ սիրիահայերը Սիրիայի հասարակության անքակտելի մասն են եւ մեծ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Ալեն Սիմոնյանն իր հերթին ընդգծել է, որ սիրիահայերը Հայաստան եւ Արցախ են բերել նոր ու գեղեցիկ մշակույթ, որի պակասը զգացվում էր մեզանում: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը:

Այս առնչությամբ դեսպանն իր հերթին անթույլատրելի ու մերժելի է համարել 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը: ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեկամ ժողովուրդների շահերին միտված ցանկացած նախաձեռնության:

Նմանատիպ նյութեր