Եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազը

Եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազը Հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Աշխատանքային այցը տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով՝ ի հավաստումն ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև հաջողությամբ զարգացող համագործակցությանը նոր խթան հաղորդելու փոխադարձ շահագրգռության:


Այցի շրջանակներում նախատեսված են ընդլայնված կազմով բանակցություններ երկու երկրների գլխավոր դատախազների միջև, որի ընթացքում կքննարկվեն նրանց ղեկավարած գերատեսչությունների միջև կապերի հետագա ամրապնդմանը, քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակներում միջնորդությունների կատարմանը, տարածաշրջանային և գլոբալ ընդգրկում ունեցող հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների կողմից գործադրվող ջանքերի համատեղմանը և արդյունավետության բարձրացմանը, միմյանց երկրներում գտնվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Նախատեսված են նաև բարձր մակարդակի մի շարք այլ հանդիպումներ: 2013թ.-ից սկսած՝ սա ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցն է Հայաստան, որին նախորդել է 2018թ. նոյեմբերին պարոն Մոնթազերիի հրավերով ՀՀ գլխավոր դատախազի այցը Թեհրան:

Այդ այցի ընթացքում Իրանի մայրաքաղաքում ստորագրվել էր երկու պետությունների դատախազությունների միջև համագործակցության ծրագիր, որով նախատեսված համատեղ միջոցառումները շարունակվում են: Երկու երկրների դատախազությունների միջև միջազգային-իրավական համագործակցությունն իրականացվում է Հայաստանի և Իրանի միջև 2006 թվականի հուլիսի 5-ին կնքված «Հանձնման մասին» համաձայնագրի և «Քրեական և քաղաքացիական հարցերով համագործակցության մասին» համաձայնագրերի, ինչպես նաև նախընթաց տարիներին ստորագրված համագործակցության հուշագրի և ծրագրերի հիման վրա։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք