Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Վարդենիսի զինկոմի տանը. հայտնաբերվել է զենք-զինամթերք

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է  կատարվել Վարդենիսի զինկոմի տանը. հայտնաբերվել է զենք-զինամթերք   SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական  3-րդ բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հարուցված քրեական գործի շրջանակում թույտվություն տա՝ խուզարկություն կատարվի Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 25-ամյա Հարություն Հարությունյանի առանձնատանն ու դրան կից օժանդակ շինություններում:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և քննիչները ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողների հետ մեկնել են Գեղարքունիքի մարզի Ակուք գյուղ և ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ կատարել են խուզարկություն:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խուզարկությամբ  ննջասենյակից հայտնաբերվել է 223 հատ 7,62 տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ, 19 հատ 7,62 տրամաչափի «էէէ» գրառմամբ ինքնաձիգի փամփուշտ, 21 հատ 9 մմ տրամաչափի ատրճանակի փամփուշտ, 1 հատ 14.5 տրամաչափի փամփուշտ, 34 հատ 12 տրամաչափի որսորդական հրացանի համար նախատեսված դատարկ պարկուճ, 1 հատ 7,62 տրամաչափի «ՏՏ» ատրճանակի փամփուշտ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ընթացքում Հ. Հարությունյանի հայրը՝ 53-ամյա Կամսար Հարությունյանը, կամավոր ներկայացրել է 32/32*10 գրառմամբ առանց փաստաթղթի ողորկափող հրացան, հայտնելով, որ այն բերել է 1991-1994թթ. պատերազմի ժամանակ Արցախի տարածքից, որից հետո ներկայացրել է նաև 1 հատ 30 սմ ընդհանուր և 18.5սմ շեղբի երկարությամբ մետաղյա կոթով, սև գույնի պատյանով դանակ: Տան տանիքից հայտնաբերվել է 941562 գործարանային համարով, 27.5 սմ ընդհանուր և 14.5 սմ շեղբի երկարությամբ դանակ:

Ըստ Կ. Հարությունյանի բանավոր հայտարարության հայտնաբերված բոլոր փամփուշտները ինքը բերել է 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի տարածքից:

   Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Հարությունյանը Վարդենիսի զինվորական կոմիսարն է, իսկ հայտնաբերվածը քննիչը առգրավել է և նշանակել է մի շարք փորձաքննություններ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Ալեք Մանուկյան փողոցի 17 շենքի դիմացի այգում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:

Սեպտեմբերի 24-ին թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ «աջ գոտկատեղի և նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:  

Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Նարեկ Ա.-ն է:

  Մինչ բժիշկները նրան բուժօգնություն էին ցուցաբերում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները՝ համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ու ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների հետ, համատեղ նշված այգուց խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 20-ամյա Հայկ Պ.-ին, 25-ամյա Հարություն Հ.-ին, 20-ամյա Արման Ս.-ին, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Էրիկ Ե.-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Շահեն Ա.-ին, Երևանի բնակիչ, 28-ամյա Դորիկ Վ.-ին, Արմավիրի մարզի բնակիչ, 19-ամյա Նարեկ Պ.-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Գարիկ Հ.-ին, Երևանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Մ.-ին և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Արգիշտի Վ.-ին:   Ոստիկանները պարզել են, որ վերջիններս նշված այգում բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որի ժամանակ Նարեկ Ա.-ն ստացել էր մարմնական վնասվածք, իսկ բերման ենթարկված Արման Ս.-ի գլխի հատվածում առկա էր եղել արյունոտ, պատռված վերք: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք