Ձեզ բացակա չենք դնի. Փոքր Մանթաշի մեծ ու լեգենդ դարձած՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին դպրոցի բակում բացվեց հուշակոթող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեզ բացակա չենք դնի. Փոքր Մանթաշի մեծ ու լեգենդ դարձած՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին դպրոցի բակում բացվեց հուշակոթող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքում հպարտության ու մեծարման երեկո էր:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի բակում տեղի ունեցավ հուշաղբյուրը և արծիվը, սուրը ու վահանը խորհրդանշող քանդակի  բացման արարողությունը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված փոքր մանթաշցի, լեգենդ դարձած հերոսների հիշատակին:
 
Դպրոցի բակում դեռ տարիներ առաջ բացվել էր արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար: Ու 44-օրյա պատերազմից հետո դպրոցի 1996-97 թվականների ուսումնական տարվա շրջանավարտների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ որոշվել է տեղադրել այսօր բացված հուշակոթողը:
 
Սպիտակ սավանը հուշակոթողի վրայից իջեցրին այդ հուշակոթողի կառուցման նախաձեռնողները, որից հետո հոգևոր հովվի կողմից այն օծվեց ու ներկաները, այդ թվում՝ զոհվածների հարազատները, գյուղապետարանի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, այդ թվում՝ գյուղում, Փոքր Մանթաշում սիրված գեներալ Վարդանյանը, ում եղբոր որդին նույնպես զոհվել է 44-օրյա պատերազմում, ծաղիկներ խոնարհեցին:
 
Կենդանի կատարմամբ հանդես եկան գյուղի դպրոցի և մանկապարտեզի սաները:
 
Բոլորն իրենց խոսքում ասում էին. «Ձեզ բացակա չենք դնի: 27-ամյա կապիտան Մկրտիչ Քարամյան, 27-ամյա կապիտան Հարություն Սարոյան, բժիշկ, 23-ամյա Արթուր Պողոսյան, 20-ամյա Ավետիս Վարդանյան, 24-ամյա Հայկ Սուքիասյան... դուք՝ ամեն մեկդ, բարձր եք պահել Փոքր Մանթաշի պատիվը: Դուք Հայաստանի ու Արցախի անվտանգության համար զոհաբերել եք ամենաթանկը՝ ձեր կյանքը:
Պատերազմում դուք չեք պարտվել: Դուք ու ձեր նման տղերքը լեգենդներ եք: Դուք հաղթող եք, հաղթողի տեսակն է միշտ եղել ձեր մեջ: Պատմությունը կտա դրա գնահատականը: Իսկ այս վայրը մեր գյուղի ժողովրդի համար դառնալու է ևս մեկ սրբատեղի ու ամեն անգամ դպրոց մտնելիս հուշաղբյուրի մոտ ձեզ ներկա ենք դնելու»:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դպրոցում բացվել է նաև հերոսների անունով Փառքի անկյուն:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք