Հայաստանի զբոսաշրջության ներուժի ներկայացումը հետաքրքրություն է առաջացրել ուկրաինական առաջատար ընկերությունների մոտ

Հայաստանի զբոսաշրջության ներուժի ներկայացումը հետաքրքրություն է առաջացրել ուկրաինական առաջատար ընկերությունների մոտ

Հայաստանն ու Ուկրաինան ամրապնդում են համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, հաղորդում է AnalitikaUA.net-ը:



Հոկտեմբերի 7-8-ը Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցավ «Բացահայտիր Հայաստանը» ռոուդ շոուն` երկու երկրների զբոսաշրջության ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչների մասնակցությամբ:



Միջոցառման ընթացքում տուրօպերատորները հնարավորություն ունեցան ծանոթանալու Ուկրաինայի և Հայաստանի զբոսաշրջության ներուժին և զբոսաշրջային արտադրանքներին:



Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի զբոսաշրջության զարգացման պետական ​​գործակալության ղեկավար Մարիանա Օլեսկիվը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական Ալֆրեդ Քոչարյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՈւՀՄ գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը և այլ մասնակիցներ:



Ըստ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի` զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացումը Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիների միջեւ հաճախակի շփումների հնարավորություն կստեղծի, ինչը, անշուշտ, կնպաստի երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը:



Հայաստանից ժամանած հյուրերին սպասում էր նաև հետաքրքիր էքսկուրսիա աշխարհի հնագույն քաղաքներից մեկում — Կիևում:



Պարբերականի տվյալներով` Ուկրաինայում կան հարյուրավոր տեսարժան և հիշարժան վայրեր՝ կապված հայերի և Հայաստանի հետ, այդպիսի վայրերից է նաև վերջերս Կիևի արվարձանում բացված աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրին նվիրված հուշարձանը, որը գտնվում է Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցու բակում:



AnalitikaUA.net-ի տվյալներով` միջոցառումները կազմակերպել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն` Ուկրաինայի զբոսաշրջության զարգացման պետական ​​գործակալության հետ համատեղ, Ուկրաինայի հայերի միության եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք