211652_close_icon
views-count36041 դիտում article-date 13:03 06-10-2021

Վանաձորում 24-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 24-ամյա Արայիկ Ք-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Տիգրան Մեծի պողոտայում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ, 75-ամյա Սամվել Մ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր